Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրի միջազգայնացման խնդիրները լուսաբանող տեղեկատվական սեմինար
Սույն թվականի դեկտեմբերի 13-ին միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվեց տեղեկատվական սեմինար՝ Կրթահամալիրի սովորողներին միջազգայնացման խնդիրների, գործող փոխանակման ծրագրերի մասին լուսաբանելու նպատակով: Սեմինարին մասնակցում էին ակադեմիայի և քոլեջի սովորողները, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի անձնակազմը, կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը:
Ողջույնի խոսքով սեմինարը սկսեց միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը, այնուհետև բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան Լ. Սարդարյանը հանգամանորեն ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջազգայնացման հայեցակարգը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին միջազգային կրթական տարածքին կրթահամալիրի ինտեգրվելու հիմնահարցերը, սովորողների շարժունության խրախուսման նոր քաղաքականությանը, ներկայացվեցին իրականացված փոխանակման ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Կրթահամալիրի ղեկավարության կողմից միջազգայնացման գործընթացում սովորողների ներգրավվածությունը խրախուսելու պատրաստակամությանը: Սովորողներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալու 2018թ. նախատեսվող միջազգային միջոցառումներին:
Ամփոփելով սեմինարի արդյունքները՝ Գ. Դավթյանը պատասխանեց սովորողների հարցերին: Ավարտին ցուցադրվեցին տեսաֆիլմեր ոստիկանության Կրթահամալիրի հետ համագործակցող Լեհաստանի Հանրապետության Շիթնոյի ոստիկանական ակադեմիայի և ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի մասին: