Նորություններ

Վերադառնալ
29.05.2018

Հանդիսավոր միջոցառումներ կրթահամալիրում

Հանդիսավոր միջոցառումներ կրթահամալիրում

Սույն թվականի մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ 2018 թվականի մայիսի 3-ին HSBC բանկի վրա կատարված զինված հարձակման հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՊՊԾ ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի:

Արա Շախգուլյանի անունը վիմագրվեց «Մեզ բացակա չդնեք» հուշակոթողին՝ մնացած 140 հերոս ոստիկանների կողքին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մարդու կյանքի անվտանգության ու օրինականության պահպանման:

Ներկաների թվում էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանը, զոհված ոստիկանի ընտանիքի անդամները և այլ հրավիրված հյուրեր:

Հնչեց պատվո կրակահերթը, այնուհետև ՀՀ հիմնը: ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ, Բարձրաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը կատարեց հոգեհանգստի կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոս ոստիկանների հուշակոթողին:

Հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներն անցան շարային երթով:

Այնուհետև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հետ շրջայց կատարեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքով, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, բոլոր ուսումնական ստորաբաժանումների առանձնահատկություններին, որից հետո տեղի ունեցավ Խորհրդային միլիցիայի գեներալ-մայոր, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի հուշարձանի բացումը: Հուշարձանը կանգնեցվել էր «Թովմասյան» բարեգործական ֆոնդի հիմնադիր Արտակ Ռուբիկի Թովմասյանի աջակցությամբ, հուշարձանի քանդակագործն է Դավիթ Մինասյանը:

Ապա ՀՀ ոստիկանության պետը եղավ նաև սակրավորների լսարանում, ծանոթացավ մասնագիտացված լսարանում անցկավող ուսումնական պարապմունքին, տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև եղավ այն լսարանում, որտեղ ընթանում էր պարսկերեն լեզվի ֆակուլտատիվ պարապմունք և ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի անվան կրիմինալիստիկայի լսարանում, որն ամբողջությամբ կահավորվել էր բարերար Արտակ Ռուբիկի Թովմասյանի ֆինանսավորմամբ: