Նորություններ
ՎերադառնալՅուրօրինակ միջոցառումներ կազմակերպված լեզուների ամբիոնի կողմից
2017թ. դեկտեմբերի 18-ին «Կլոր սեղան» քննարկման ձևաչափով անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 3-րդ կուրսի անգլերենի դասաժամը։ Սովորողները ավարտել էին 18 մասից կազմված “THE MAN WHO ESCAPED” դետեկտիվ պատմվածքը և քննարկման ընթացքում անգլերեն լեզվով դրսևորեցին իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները և առողջ բանավեճի վերածեցին ողջ գործընթացը: Նրանք թվարկեցին Scotland Yard-ի իրավապահ մարմինների կողմից թույլ տրված սխալները, ինչպես նաև նշեցին վերջինների մասնագիտական ունակություններն ու մտքի ճկունությունը: Արդյունքում՝ ապագա ոստիկանները համեմատեցին անգլիական և հայկական դատական համակարգերը:
Վերջում կարդացին դատավճիռ՝ ցմահ ազատազրկման դատապարտելով հայրենիքի իրական դավաճաններին, արդարացնելով, նյութական և բարոյական փոխհատուցման արժանացնելով անմեղ դատապարտվածին:
Նույն օրը անգլերենի տոնական դաս անցկացրին ակադեմիայի առաջին կուրսի սովորողները: Նրանք նշում էին գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Սովորողները անգլերենով ներկայացրին, թե ինչպես են Հայաստանում և տարբեր երկրներում նշում այդ տոները և Ծննդյան տոների մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին:
Սովորողներից ոմանք, ովքեր ստեղծագործում են, անգլերեն բանաստեղծություններ էին գրել Նոր Տարվա վերաբերյալ և ամանորյա բացիկներ ու պաստառներ էին պատրաստել: Նրանք հետաքրքիր խաղ էին կազմակերպել, որի արդյունքում բոլոր ներկաները ստացան ամանորյա հաճելի մաղթանքներ: Նրանք ներկայացրին նաև “Jingle Bells” երգի ստեղծման պատմությունը, և վերջում բոլորը միասին կատարեցին այն:
Միջոցառմանը մասնակցում էին նաև կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի տեսուչներ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անժելա Մուրադյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Գասպարյանը: