Վերադառնալ
30.06.2021

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ

      2021 թ. հունիսի 25-ին ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ մեծարման միջոցառում՝ նվիրված Լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ, վաստակաշատ մանկավարժ Ռոզա Լևոնի Մուսաելյանի երկարամյա անբասիր աշխատանքային գործունեությանը։ Միջոցառումն անակնկալ էր դասախոսի համար, որն անչափ հուզեց նրան։ Այն ինքնատիպ դաս էր այն մասին, թե ինչպես պետք է ապրել, նվիրվել, աշխատել և երբեք չբարձրաձայնել այդ մասին։

Բեմը դարձել էր լսարան, և սովորողները ներկայացրին այն բոլոր արժեքները, որոնք տարիների ընթացքում սիրելի դասախոսն ավանդել է իրենց և նախորդ սերունդներին։ Նրանք խոստացան, որ հավատարիմ կմնան այդ արժեքներին և  կդարձնեն կյանքի ուղեցույց։ Սիրելի դասախոսի սաները բեմում հնչեցրին Ռ. Մուսաելյանի հեղինակած թևավոր խոսքերից և բանաստեղծություններից։ Դասն ուղեկցվեց   նաև նրա մասին պատմող երկու գեղեցիկ տեսանյութով, որտեղ բոլորի կողմից սիրված մանկավարժին մեկ բառով բնութագրում էին և՛ սովորողները և՛ գործընկերները: Մեծարման երեկոն համեմվեց նաև ազգային պարերով ու այլ երաժշտական կատարումներով։

       Միջոցառման ավարտին սովորողները նշեցին, որ դասը շատ ուսանելի էր, մոտիվացնող՝ ներկա և ապագա սերունդների համար։

Վերջում Ռ. Մուսաելյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ իր երախտիքի խոսքն ասաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Նա բարձր գնահատեց վաստակաշատ մանկավարժի նվիրումն ու աշխատանքը և նրան հանձնեց շնորհակալագիր։ Ռ. Մուսաելյանը շնորհակալություն հայտնեց գեղեցիկ անակնկալի համար և նշեց, որ այն իրեն ավելի պարտավորեցրեց էլ ավելի ջանք ու եռանդ դնել հետագա աշխատանքային գործունեությունն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար։