Նորություններ
Վերադառնալ«Արդի ժամանակաշրջանում օրենսդրության կատարելագործման հիմնախնդիրները» խորագրով ուսանողների գիտական զեկույցների միջբուհական մրցույթ կրթահամալիրում
2018 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Արդի ժամանակաշրջանում օրենսդրության կատարելագործման հիմնախնդիրները» խորագրով ուսանողների գիտական զեկույցների միջբուհական մրցույթի բանավոր փուլը:
Մրցույթի գրավոր փուլին մասնակցել էին Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ՝ ներկայացնելով քրեական, քրեադատավարական օրենսդրության, սահմանադրական, վարչական և մասնավոր իրավունքի ոլորտների օրենսդրության կատարելագործման հիմնախնդիրները: Գրավոր փուլին մասնակցած ուսանողներից միայն հինգն էին անցել բանավոր փուլ՝ հաղթահարելով մրցույթի կանոնակարգով նախատեսված նվազագույն շեմը:
Բանավոր փուլում մրցույթի մասնակիցները հանդես եկան գիտական զեկուցումներով, որոնք գնահատվեցին մրցութային հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը կազմված էր ՀՀ ոստիկանության, ՀՀ փաստաբանական դպրոցի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ներկայացուցիչներից:
Առաջին տեղը զբաղեցրեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրս ուսանող Լիդա Միքայելյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի սովորող Գայանե Շահմուրադյանը, իսկ երրորդ տեղը՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Դավթյանը:
Առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին մրցանակներով և պատվոգրերով, իսկ մյուս մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր: