Նորություններ
ՎերադառնալՆագարշյան մանուկների տան սաների այցը կրթահամալիր
Սույն թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալել էր Նագարշյան մանուկների տան անկեղծ և անմիջական սաներին: Սաներին դիմավորեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը՝ կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի անդամների հետ: Այցի ընթացքում երեխաները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողի մոտ, մասնակցեցին սովորողների շարային ստուգատեսին, եղան ընդհանուր գրադարանում և մարզադահլիճում, սովորեցին ձեռնամարտի մի քանի հնարքներ, կրակեցին հրաձգարանում, ծանոթացան ուսումնական կենտրոնում, քոլեջում և ակադեմիայում ուսման առանձնահատկություններին, ինչպես նաև կրթահամալիրի սովորողների առօրյային:
Ճանաչողական այցի ընթացքում Նագարշյան մանուկների տան սաները կրկին անգամ սեր ու հոգատարություն վայելեցին կրթահամալիրի անձնակազմի և սովորողների կողմից: Այցի ավարտին աղջիկների ավագ խմբի սաների գերակշիռ մասը ցանկություն հայտնեց նույնպես պաշտպանել մարդու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը՝ հետագա ուսումնառությունը շարունակելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
Այցի ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի և իր անունից երախտագիտություն հայտնեց սաներին: Եվ այսպիսով՝ մանուկների տան սաներն ու կրթահամալիրի սովորողները սիրո և երախտիքի մթնոլորտում նորից հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ տվեցին միմյանց: