ԱՄՆ փորձագետների դասախոսությունները Կրթահամալիրի սովորողների համար
ՀՀ ոստիկանությունում բարեփումների շրջանակներում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ նախատեսվում է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակետային ծառայության հիմքի վրա ստեղծել պարեկային ոստիկանություն։
Նպատակ ունենալով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներին ծանոթացնելու ԱՄՆ պարեկային ոստիկանության կառուցվածքին և գործառույթներին՝ նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԱՄՆ դեպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի իրավական հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Աննա Հակոբյանը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը։
Հյուրերին ողջունեց կրթահամալիրի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով այցի և Կրթահամալիրի սովորողներին գիտելիքներ փոխանցելու պատրաստակամության համար։
Ադի Հոլովեյը ներկայացրեց «ԱՄՆ պարեկային ոստիկանություն» թեմայով իր դասախոսությունը, որի շրջանակներում պատմեց պարեկային ոստիկանությունում կատարած իր գործունեության, ԱՄՆ-ում պարեկային ոստիկանության կառուցվածքային առանձնահատկությունների, նյութատեխնիկական միջոցների, ուսուցման, աշխատանքի ընդունվելու կարգի, գործառույթների, առաքելության մասին։
Դասախոսության ընթացքում Ա․ Հոլովեյն անդրադարձավ նաև համազգեստի կրման և ԱՄՆ ոստիկանների համար սահմանված էթիկայի կանոններին։
Ելույթ ունեցավ նաև Աննա Հակոբյանը, ով «Հետաքննությունների դաշնային բյուրոյի առաքելությունը Հայաստանում» թեմայով դասախոսությամբ ներկայացրեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի պատմությունը, գործառույթներն ու առաքելությունը, պատմեց իր աշխատանքային ուղու մասին։
Հանդիպման ավարտին սովորողները հարցեր հնչեցրին, որոնց բանախոսները տվեցին սպառիչ պատասխաններ։