Վերադառնալ
08.04.2022

Վարդգես Պետրոսյանի «Մոր տունը» ներկայացումը Կրթահամալիրի բեմում

Վարդգես Պետրոսյանի  «Մոր տունը»  ներկայացումը Կրթահամալիրի բեմում

        Ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ Վարդգես Պետրոսյանի «Մոր տունը» համանուն պատմվածքի ներկայացումը: Ներկայացման բեմադրիչն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի առաջատար մասնագետ Լիանա Սահակյանը, դերակատարները՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման կրթաձևի 3-րդ կուրսի սովորողներ Ռուզաննա Մարգարյանը և Սոնա Ղազարյանը: Ներկայացման օրը պատահական չէր ընտրված։

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

 Բեմադրված պիեսն ուշացած, չխոստովանած բառերի, չգնահատված ժամանակի մասին է:

Միջոցառմանը ներկա էին Կրթահամալիրի ղեկավարությունը, անձնակազմը, սովորողները և ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի պետ Կարինե Ոսկանյանը:

Ներկայացման ավարտին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի պետ Կարինե Ոսկանյանն ասաց, որ նման միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն, և ոստիկանություն-մշակույթ կապը միշտ պետք է առաջնային տեղերում լինի։

Միջոցառումն ամփոփեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը։ Շնորհավորելով կանանց՝  նա նշեց, որ կարևորը կանացի երջանկությունն է․ երբ հայ մայրը, հայ կինը հանգիստ ու երջանիկ է, ուրեմն ամեն ինչ լավ է։