Նորություններ
ՎերադառնալՀանդիպում քոլեջի շրջանավարտների հետ
Քոլեջում միջին մասնագիտական կրթությամբ իրականացվող ուսումնական գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2019թ. մարտի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում քոլեջի նախորդ տարիների շրջանավարտների հետ, որոնք արդեն ձեռք են բերել աշխատանքային փորձ համայնքային ոստիկանության բնագավառում:
Հանդիպմանը ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական, քոլեջի տեսչական անձնակազմը, որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ․ Խաչատրյանը և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի առաջին ու երկրորդ կուրսի սովորողները:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Կրթահամալիրի պետ Մ. Բաբայանը:
ՀՀ ոստիկանության կրթահահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետն իր ելույթում կարևորեց շրջանավարտների կարծիքը և փոխշահավետ համագործակցության հույս հայտնեց:
Քննարկումը տեղի ունեցավ շրջանավարտների ձեռք բերած գիտելիքների շուրջ, նաև հարցեր առաջադրվեցին, թե արդյո՞ք հնարավոր է ուսման ընթացքում բաց թողնված գիտելիքները (եթե այդպիսիք կան) պրակտիկ գործունեության ընթացքում լրացնել։ Քննարկվող հարցերից մեկն էլ առնչվում էր մոդուլներից ստացված գիտելիքների պրակտիկ կիրառությանը և թե ինչքանով է նրանց մասնագիտական գործունեության մեջ անհրաժեշտ օտար լեզվի իմացությունը։
Քննարկումից հետո ներկաներն իրենց հուզող հարցերով դիմեցին շրջանավարտներին և համապատասխանաբար ստացան արժեքավոր խորհուրդներ։