Գործընկերային և ընկերական հանդիպում
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել Երևանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն։ Հյուրին դիմավորեց Կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում կրթահամալիրի պետը բարձրաստիճան հյուրին ներկայացրեց կրթահամալիրում վերջին շրջանում իրականացված փոփոխությունները, հետագա զարգացման ուղղությունները, ինչպես նաև կարևորեց ստեղծված գործընկերային և ընկերական հարաբերությունները, որոնք ձևավորվել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի միջև դեռևս Գիվի Միկանաձեի պետ լինելու օրոք։ Իր խոսքում Գիվի Միկանաձեն նշեց, որ դեռևս Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պետ եղած ժամանակահատվածում մշտապես հետևել է և այժմ էլ անտարբեր չէ կրթահամալիրում ծավալվող գործընթացներին՝ ընդգծելով, որ ցանկացած պահի պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմանում օժանդակել գործընկեր կազմակերպությունների միջև հարաբերությունների զարգացմանը։
Կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրող մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնեցին հետագայում ևս շարունակել շփումը՝ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով։