Նորություններ

Վերադառնալ
05.11.2018

Երբ անցած ուղին միշտ խոսում է քեզ հետ

Երբ անցած ուղին միշտ խոսում է քեզ հետ

Արցախի հերոսամարտում զոհված ոստիկանության աշխատողների հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել ՀՀ ոստիկանության  Երևան քաղաքի վետերանները` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնական, Երևան քաղաքի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Գեղամ Համբարձումի Օհանյանի գլխավորությամբ: Վետերաններին ողջունեց ՀՀ ոստիկանության կրթահամալրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Գ.Օհանյանը կրթահամալիրի պետին մանրամասն տեղեկացրեց նախատեսվող միջոցառումների մասին: Այնուհետև վետերանները ծաղիկներ խոնարհեցին Արցախի հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության աշխատողների հուշակոթողին: Մեծ հարգանքով խոնարհվեցին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Սովետական միության հերոսի կոչում ստացած ներքին գործերի մինիստրության աշխատողների  հուշապատին:

Վետերանները եղան նաև ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում: Թանգարանի անցած ուղու մասին պատմեց ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դավիթ Հովհաննեսի Հովսեփյանը: Վետերանները մանրակրկիտ ուսումնասիրեցին թանգարանում տեղակայված փաստաթղթերը, լուսանկարները, զենքերը և այլն: Մտովի վերադառնում էին իրենց ծառայության ժամանակահատվածը և մեկը մյուսին դրվագներ պատմում իրենց անցած ուղուց: Ու կարծես թե թանգարանը կյանք էր առնում, և նմուշներն սկսում էին խոսել: Վետերանների ժպտացող և, միևնույն ժամանակ, թախծոտ աչքերը փոխանցում էին դժվարին, բայց երջանիկ ճանապարհ կտրած մարդու զգացողությունները:

Հյուրերը կրթահամալիրից հեռացան մեծ տպավորություններով: