Նորություններ

Վերադառնալ
11.06.2019

Մշակութային անցուդարձ

Մշակութային անցուդարձ

Հունիսի 10-ին սովորականի պես մարդաշատ էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբը: Մշակութային ոգին էր թևածում ակումբի պատերի ներքո: Կրթահամալիրի սովորողների ուժերով ներկայացվեց Օ. Հենրիի «Վերջին տերևը» բեմականացումը (մտահղացման հեղինակ և գեղարվեստական ղեկավար, լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ռ. Մուսաելյան):

Ապագա ոստիկանները մեծ ոգևորությամբ ու ներքին խանդավառությամբ հրաշալի խաղ ներկայացրին և արժանացան հանդիսատեսի գովասանքին ու համակրանքին: Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման սովորողներ Անահիտ Բադալյանը (Ջոնսի), Լիդա Վարդանյանը (Սյուի), Էրիկ Սարգսյանը(բժիշկ), Էրիկ Թամոյանը(Բերման) դեռ երկար   կհիշեն հանդիսատեսի երկարատև ու բուռն ծափահարություններն ու օվացիաները ՝ որպես երախտագիտության ու գնահատանքի գրավական:

Ներկայացումից հետո ամփոփվեցին մայիսին անցկացված «ՀՀ ոստիկանության կրթահամալիրն իմ կյանքում» ներբուհական շարադրությունների մրցույթի արդյունքները:

Կրթահամալիրի սովորողներ Հասմիկ Մարտիրոսյանի (ակադեմիայի 2-րդ կուրսի սովորող) շարադրությունն արժանացավ 1-ին մրցանակի, Արևիկ Մկրտչյանի (մագիստրատուրայի 1-ին կուրս) շարադրությունը՝ 2-րդ մրցանակի, իսկ Անի Միդեյանի (քոլեջի 1-ին կուրս) աշխատանքը՝ 3-րդ մրցանակի:  Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը բոլոր հաղթողներին տվեց շնորհակալագրեր:

Քանի որ տարին Թումանյանական է, հայոց լեզվի և գրականության դասախոս, լեզուների ամբիոնի դոցենտ Ռ. Մուսաելյանը հաղթողներին նվիրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուները: Վերջում ամբիոնից բարձրաձայն  ընթերցվեց Հասմիկ Մարտիրոսյանի՝ առաջին մրցանակ շահած շարադրությունը, որն էլ հանդիսատեսի կողմից արժանացավ հավանության և ծափահարությունների: