Նորություններ

Վերադառնալ
15.03.2018

«Կրոնը և քրեական իրավունքը որպես սոցիալական կարգավորիչներ. հարաբերակցության կետերը» թեմայով միջբուհական գիտական սեմինար կրթահամալիրում

«Կրոնը և քրեական իրավունքը որպես սոցիալական կարգավորիչներ. հարաբերակցության կետերը» թեմայով միջբուհական գիտական սեմինար կրթահամալիրում

Սույն թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների ուսանողական խորհրդի գործունեության շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներին՝ ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանի ուղեկցությամբ:

Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, կրթահամալիրի Սուրբ Վարդան մատուռում կատարվեց միասնական աղոթք: Հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքով և նրանց ներկայացվեցին իրականացվող կրթական ծրագրերն ու ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները:

Այնուհետև կրթահամալիրի դահլիճում անցկացվեց միջբուհական գիտական սեմինար Կրոնը և քրեական իրավունքը որպես սոցիալական կարգավորիչներ. հարաբերակցության կետերը խորագրով: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Ճեմարանի և կրթահամալիրի սաները հանդես եկան գիտական զեկույցներով, որոնք վերաբերում էին հասարակության իրավական կարգավորման հարցում Աստվածաշնչի ազդեցությանը, քրեական իրավունքում գործուն զղջալու ինստիտուտի և քրիստոնեության մեջ ապաշխարության խորհրդի հարաբերակցությանը, օրենքին և եկեղեցուն՝ որպես ժամանակակից մարդու բարոյականությունը կերտող հիմնադրույթներին:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը գիտական սեմինարի մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր և հույս հայտնեց, որ նմանօրինակ միջոցառումները կդառնան ավանդական, քանի որ երկու ուսումնական հաստատություններն ունեն մեկ առաքելություն՝ կրթել հասարակությանը պիտանի, հայրենասեր և օրինապաշտ սերունդ: