Նորություններ

Վերադառնալ
15.11.2018

«Ցանկացած որոշում կամ գործառույթ պետք է սովորողն արժևորի»

«Ցանկացած որոշում կամ գործառույթ պետք է սովորողն արժևորի»

2018թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում հավաքվել էին ուսանողական խորհրդի ներկայացուցիչները: Ուսանողական խորհրդի նոր նախագահի և քարտուղարի ընտրություններից հետո առաջին ընդլայնված նիստն էր: Այսուհետ նորընտիր նախագահն է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի երրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Սերգեյ Բադալյանը, իսկ քարտուղարը` նույն կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անահիտ Հակոբյանը:  Ուսանողական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ուսանողական խորհրդում կրթահամալիրի պետի ներկայացուցիչ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը:

Գեներալ-մայոր Մ. Բաբայանը և Ռ. Մարանդյանը ներկայացրին նիստի օրակարգում ընդգրկված և ուսանողների համար առաջնային հանդիսացող խնդիրները:

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանն ընդգծեց, որ ուսանողական խորհրդի դերը մեծ է, քանի որ նրանք են ուսանողների կարիքները գնահատելու, խնդիրները բարձրաձայնելու հիմնական օղակը և ուսանողների համար օրինակ ծառայողները:

- Հենց ձեր շնորհիվ է, որ կարող ենք հստակ և ճշգրիտ վերլուծել մեր անելիքները, հասկանալ, թե ղեկավարության որոշումները որքանով են նպաստավոր ուսանողի համար: Ցանկացած որոշում կամ գործառույթ պետք է սովորողն արժևորի: Դուք ոչ միայն խնդիրները բարձրաձայնողներն եք, այլև առավել թարմ գաղափարներով, առաջարկություններով մեզ օժանդակողները: Ուսանողի հետ պատրաստ եմ միշտ քննարկել ցանկացած նոր գաղափար,-նշեց Մ. Բաբայանը` կարևորելով նաև  այն հմտությունները, որոնք սովորողները ձեռք են բերում` անդամակցելով  ուսանողական խորհրդին:

Նա նաև ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկեց մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ուսանողական խորհրդին անդամակցելուն, ուսանողներին հուզող մի շարք կազմակերպչական, կարգապահական   և տարատեսակ այլ խնդիրներին։ Ուսանողները հարցեր առաջադրեցին ոստիկանության տարածքային բաժիններում պրակտիկա անցնելու, տարբեր հաստատություններ ճանաչողական  այցեր կատարելու, նոր գրադարանային մշակույթ ձևավորելու ու դասավանդման մեթոդների վերաբերյալ:

Նշված խնդիրների և հարցերի վերաբերյալ գեներալ-մայոր Մ. Բաբայանը խոստացավ համապատասխան հանձնարարականներ տալ և դրանք լուծել` ի նպաստ ուսանողների և կրթության բարելավմանը:

Նիստի առանձին օրակարգում էր «Իրավաբանական կլինիկա ստեղծելու մասին» ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մ.Բաբայանի 12.11.2018թ. 586-Ա հրամանը: Ռ. Մարանդյանը ներկաներին ծանոթացրեց հրամանի բովանդակությանը՝ ըստ որի «Իրավաբանական կլինիկան» ուսումնագործնական մարմին է, որի ղեկավարն է կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մելիքսեթյանը:

Ըստ հրամանի` կրթահամալիրի ակադեմիայի երրորդ և չորրոդ կուրսի ուսանողները կանցնեն հարցազրույց, ապա որոշակի ժամանակահատվածում համապատասխան դասընթացը բարեհաջող ավարտելուց հետո կստանան համապատասխան հավաստագրեր, որով իրավունք ձեռք կբերեն քաղաքացիներին տրամադրելու քրեաիրավական, ինչպես նաև քաղաքացիաիրավական բնույթի անվճար խորհրդատվություն: Նպատակն է զարգացնել  սովորողների գիտագործնական հմտությունները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը:

Ամփոփելով ուսանողական խորհրդի նիստը` ներկաները պայմանավորվեցին առավել հաճախ հանդիպել, ինչպես նաև ֆորմալ հանդիպումներից դուրս ևս կազմակերպել ուսանողական կյանքին առնչվող խնդիրների, առաջարկությունների և նոր գաղափարների շուրջ քննարկումներ: