Նորություններ
ՎերադառնալՀեռանկարային հանդիպում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այսօր ոչ առօրեական զինվորական տրամադրություն էր: Այս անգամ համալսարան էին այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմի ծառայողները՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը և մի խումբ այլ սպաներ:
Հյուրերին դիմավորեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը և հակիրճ պատմեց համալսարանի մասին:
Հանդիպումը շարունակվեց գնդապետ Խ. Խաչատրյանի աշխատասենյակում, որտեղ կողմերը քննարկեցին ուսումնական ծրագրերի, հավատարմագրման գործընթացի և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Համատեղ ծրագրերի իրականացման և սովորողների փոխանակման գործընթացի վերաբերյալ ռազմական համալսարանի պետի կողմից առաջարկվեց դիտարկել ոստիկանության ծառայողների ուսուցումը ռազմական համալսարանի մագիստրատուրայում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել կրթահամալիրի ուսումնական ծրագրերում անհրաժեշտ և իրենց մոտ առկա նյութատեխնիկական միջոցների կիրառմանը: Կրթահամալիրի պետը, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, ներկայացրեց կրթահամալիրում իրականացվող ուսումնական գործընթացը՝ առաջարկելով ռազմական համալսարանի ուսանողների իրավական գիտելիքների բարձրացման ուղղությամբ կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից իրականացնել հատուկ ուսումնական ծրագիր:
Այնուհետև գնդապետ Խ. Խաչատրյանի ուղեկցությամբ կրթահամալիրի պատվիրակությունը շրջեց համալսարանի տարածքով՝ այցելելով համազորային և հրամանատարաշտաբային ֆակուլտետներ, որտեղ ամբիոնի պետերն և պրոֆեսորադասախոսական անձնակազմը ներկայացրին դասապրոցեսի ընթացքում կիրառվող տեխնիկական ժամանակակից միջոցները, AK-74 ինքնաձիգի նշանակետի համալիրները, ժամանակակից համազորային մարտում օգտագործվող սպառազինությունը և տեխնիկան, վիրտուալ հրաձգարանները:
Հանդիպման ավարտին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ հանդիպման համար, հետագա համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու նպատակով ռազմական համալսարանի պետին հրավիրեց այցելել կրթահամալիր: