Նորություններ
ՎերադառնալՈստիկանության օրվան ընդառաջ
Ապրիլի 16-ին նշվում է պետության, իրավակարգի, քաղաքացիների ապահովության սյուներն ավելի քան մեկ դար ամուր պահող Ոստիկանության օրը: Ոստիկանը մշտապես զգոնությամբ ծառայել և ծառայում է իր հայրենիքին, ժողովրդին երբեմն առանց խնայելու նույնիսկ կյանքն ու առողջությունը:
Մասնագիտական օրվան ընդառաջ՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2019թ. ապրիլի 15-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմը: Ներկա էին ՀՀ ոստիկանության վետերաններն ու ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հարազատները:
Հանդիսավոր քայլերթից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Միջոցառումը շարունակվեց կրթահամալիրի ակումբում, որտեղ հրապարակվեցին ՀՀ ոստիկանության պետի և կրթահամալիրի պետի հրամանները բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի խումբ ծառայողների խրախուսելու մասին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանն իր ելույթում շնորհավորեց բոլոր ծառայողներին: Առանձնակի շնորհավորանքի արժանացավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մարկոսյանը, ում հեղինակած նշանաբանը հաղթել էր կրթահամալիրում անցկացված կարգախոսների մրցույթում:
Այնուհետև կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի ակումբի անձնակազմի կողմից կազմակերպված տոնական համերգն էր: Բեմը զարդարվեց երգարվեստի այնպիսի տաղանդաշատ և սիրված ներկայացուցիչներով, ինչպիսիք են Հրաչյա Սաֆարյանը, Նարեկ Բավեյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Հասմիկ Բալասանյանը, ինչպես նաև կրթահամալիրի և ԱՀՏԱ բաժնի ակումբի կրտսեր տեսուչ, ոստիկանության սերժանտ Ասատուր Ասլանյանը: Ելույթ ունեցավ նաև ՀՀ ոստիկանության զորքերի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ լեյտենանտ Գևորգ Գևորգյան): Հանդիստաեսին գեղեցիկ կատարումներ նվիրեց նաև «Նկարագիր» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ոստիկանության մայոր Աննա Կարապետյան):