Նորություններ

Վերադառնալ
16.04.2019

Պարգևատրումներ ՀՀ նախագահի կողմից

Պարգևատրումներ ՀՀ նախագահի կողմից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ոստիկանության օրվա առթիվ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման ու պետական պարգևների։

Ապրիլի 15-ին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին: Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:

Պարգևատրվողների թվում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանը, որին Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հանձնվեց Երախտագիտության մեդալ:

Հանդիսավոր արարողության ավարտին, շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ՀՀ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ, Հանրապետության նախագահը մասնավորապես նշեց, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից մեկն է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարևորագույն մասն ու առանցքը:

Շնորհավորում ենք բոլոր պարգևատրվածներին և մաղթում շարունակական վերելքներ ու աշխատանքային նորանոր ձեռքբերումներ: