Նորություններ
ՎերադառնալԿրթահամալիրի ղեկավարության և սովորողների հերթական հանդիպումը
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 21-ին տեղի ունեցավ խորհրդակցություն կրթահամալիրի ակադեմիայի անվճար ուսուցման, քոլեջի և ուսումնական կենտրոնի սովորողների հետ: Խորհրդակցությունը վարում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը: Հանդիպման ընթացքում խոսվեց սովորողների՝ որպես ոստիկանության ծառայողների ծառայության ընթացքում և ծառայողական պարտականություններից դուրս էթիկայի կանոնների պահպանման համար անձնական պատասխանատվության գիտակցման անհրաժեշտության, ոստիկանության ծառայողի վարվելակերպի և քաղաքացիների հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունների մասին: Կրթահամալիրի ղեկավարությունը ևս մեկ անգամ սովորողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ կան ոստիկանության ծառայողներին բարեխիղճ ծառայության համար խրախուսելու մեխանիզմներ, մասնավորապես՝ մեջբերվեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (աշխատողներին) պարգևատրում տալու կարգը և չափերը (ցուցիչները) սահմանելու մասին ՀՀ ոստիկանության պետի 21.03.2019թ. թիվ 3-Լ հրամանի 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերը, որոնց համաձայն ոստիկանության բոլոր ծառայողները մի շարք հանցագործությունների բացահայտմանը կամ դրանց կանխմանն աջակցելու կամ մասնակցելու, հետախուզվող անձանց հայտնաբերելու դեպքերում կարող են ստանալ լրացուցիչ պարգևատրում: Սովորողներին ներկայացվեց, թե ինչպիսի գործողություններ են անհրաժեշտ իրականացնել հանցագործությունների կանխարգելման կամ դրանց բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով և նշվեց, որ վերոնշյալ հրամանում պարունակվող իրավակարգավորումներին և մի շարք այլ իրավական ակտերի կարող են ծանոթանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պաշտոնական կայքէջում: