Նորություններ
ՎերադառնալԱռցանց դասախոսություն միջազգային համագործակցության շրջանակներում
Նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ առցանց դասախոսություն «ԱՊՀ երկրներում քրեադատավարական օրենսդրության զարգացման միտումները և կոմպրոմիսային մոդելը գտնելու ուղիները» թեմայով, որը հեռավար ձևաչափով վարում էր ՌԴ ՆԳՆ Նիժնի Նովգորոդի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Ալեքսանդրովը: Դասախոսությանը մասնակցում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի 6 բուհերի ներկայացուցիչները: ՀՀ ոստիկանության կրթահամալիրից մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության կապիտան Ա. Ղազարյանը, կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության ծառայողներ, ոստիկանության ավագ լեյտենանտներ Ն. Վարյանը, Է. Կարապետյանը և Ա. Ղուկասյանը:
Քննարկման շրջանակներում դասախոսն առանձնացրեց օրենսդրական բարեփոխումների, քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքի լիարժեք ապահովման և թվային աշխարհի զարգացման պայմաններում տվյալների համաժամանակացման հիմնախնդիրները:
Նա համեմատական վերլուծություն անցկացրեց տարբեր երկրների քրեադատավարության արդի խնդիրների վերաբերյալ ու նշեց, որ չափազանց կարևոր է մրցակցության լիարժեք ապահովումը քրեական դատավարությունում` մատնանշելով Հայաստանի օրինակը, որտեղ, ըստ բանախոսի, գնալով զարգանում է մրցակցության սկզբունքի լիարժեք ապահովումը նաև մինչդատական վարույթում:
Դասախոսության ավարտին մասնակիցները քրեական դատավարության արդի հիմնախնդիրների վերաբերյալ մի շարք հարցեր քննարկեցին: