Վերադառնալ
29.11.2019

ՀՀ ոստիկանության կրթահամալիրն այսուհետ պետի նոր առաջին տեղակալ ունի

ՀՀ ոստիկանության կրթահամալիրն այսուհետ պետի նոր առաջին տեղակալ ունի

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Միսակ Մերուժանի Մարկոսյանը նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով նշանակվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալի պաշտոնին։

Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նիստերի դահլիճում հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը ղեկավար կազմին ներկայացրեց կրթահամալիրի պետի նորանշանակ առաջին տեղակալին՝ շնորհավորելով նրան ու երախտիքի խոսք հղելով ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին այս ընտրության համար։

Մ․ Բաբայանը բարձր գնահատեց կրթահամալիրի պետի նախկին առաջին տեղակալ  և այժմ փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի կատարած աշխատանքները՝  ընդգծելով, որ նա իր փորձով ու գիտելիքներով մեծ ավանդ է ունեցել կրթահամալիրի զարգացման գործում։ Այնուհետև Մուշեղ Բաբայանը հավելեց, որ կրթահամալիրի պետի նորանշանակ առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանի նշանակումը լավագույն օրինակն է բոլոր սովորողների և աշխատողների համար աշխատանքային ուղին սեփական ուժերով հաղթահարելու և բարձունքներ նվաճելու գործում․ «Դեռևս լինելով ամբիոնի պետի պաշտոնին՝ նա միշտ արել է ավելին, քան իրեն վստահված է եղել  ի պաշտոնե։ Վստահաբար, այս նշանակումը կնպաստի կրթահամալիրի աշխատանքների արդյունավետությանն ու որակի բարձրացմանը»։

Ոստիկանության փոխգնդապետ  Միսակ Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին և կրթահամալիրի պետին իր առաջախաղացման գործում ցուցաբերած նախաձեռնության համար և  ընդգծեց վստահված պաշտոնի կարևորությունն ու բարձր պատասխանատվությունը․ «Երբ ուսումնասիրում ես հայերենում «պաշտոն» բառի ծագումնաբանությունը,  տեսնում ես, որ բառն իմաստաբանորեն սերում է գործել, դերակատարություն և պարտականություն ունենալ հասկացություններից։ Ուստի, վստահեցնում եմ, որ այս պաշտոնում ջանք չեմ խնայի՝  նպաստելու կրթահամալիրի բարգավաճմանը»։ 

Խորհրդակցության ընթացում քննարկվեցին նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր: