Նորություններ

Վերադառնալ
30.08.2019

Նոր լիցքերով դեպի նոր ուսումնական տարի

Նոր լիցքերով դեպի նոր ուսումնական տարի

Ամառային արձակուրդից հետո ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատակազմը թարմ ուժերով և եռանդով հայտարարեց աշխատանքային առօրյայի մեկնարկը։

Սույն թվականի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփման և 2019-2020 ուստարվա նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ  Կրթահամալիրի խորհրդակցական մարմնի ընդլայնված նիստը:

 Նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և աշխատակիցները: Նիստի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը՝ ներկայացնելով օրակարգը:

Այնուհետև ելույթ ունեցան Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վարկանիշի բարձրացման 2019թ. միջոցառումների պլանի 1-ին կիսամյակում կատարված աշխատանքներըԿրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը, որը ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ռազմավարական պլանից բխող գործողությունների կատարման պլան-ժամանակացույցի համաձայն իրականացված աշխատանքները, Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, Կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վ. Ներսիսյանը, Կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը  ներկայացրին իրենց ստորաբաժանումների՝ 2019-2020 ուստարվա նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքը:

Եզրափակիչ խոսքով նիստն ամփոփեց Մ. Բաբայանը․ «Խնդիրները նույնն են մնացել՝ երեկ, այսօր և վաղը նույն նպատակներն են, նույն մարտահրավերները։ Նույն ուղենիշն ունենք նաև 2019-2020 ուսումնական տարում․ ամենօրյա տքնաջան աշխատանքով բարձրացնել կրթության որակը, դրանով էլ՝ կրթահամալիրի հեղինակությունը։ Մեկ տարի առաջ հորդորեցի բոլորիդ չվախենալ, լինել համարձակ, արդար և նախաձեռնող։ Եղան համարձակներ, եղան նախաձեռնողներ. նրանց հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել։

Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ կրթահամալիրում դեռ կան իրենց պարտականությունները պարտաճանաչ, բարեխիղճ կատարող աշխատակիցներ, որոնք,  սակայն, դեռևս չեն նկատվել և չեն խրախուսվել։ Սա առաջին հերթին անմիջական ղեկավարների թերացումն է։

Ընդամենը մեկ տարի առաջ ես իմ ելույթում նախանշեցի մեր գործունեության գլխավոր ուղղություններն ու նպատակները։ Նշեցի, որ մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն կրթահամալիրում իրականացվող գործընթացների որակի բարձրացմանը։ Ամեն ինչ միտված է լինելու նրան, որ կրթահամալիրը տա որակյալ կադրեր, բարձրացնի իր հեղինակությունը ինչպես ոստիկանության ներսում, այնպես էլ հասարակության մեջ»։

Անդրադառնալով նախորդ ուսումնական տարում կատարված աշխատանքներին՝ Մ. Բաբայանը նշեց. «Միահամուռ ուժերով մենք զգալի տեղաշարժ կատարեցինք նախանշած նպատակների ուղղությամբ։ Ներքին և արտաքին հեղինակության բարձրացման անվիճելի ցուցիչն է 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների քանակի աննախադեպ աճը։ Այսպես՝ ակադեմիայի առկա անվճար ուսուցման համար այս տարի ունեցանք 104 դիմորդ՝ նախորդ տարվա 78-ի դիմաց, վճարովի ուսուցման համար՝ 67 դիմորդ՝ նախորդ տարվա 46-ի դիմաց, քոլեջում ուսանելու համար 82 դիմորդ՝ նախորդ տարվա 65-ի դիմաց։ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցմամբ ընդունված դիմորդների քանակն այս տարի 100%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ անվճար ուսուցման դիմորդների քանակը՝ 45%-ով»։

Անդրադառնալով կոռուպցիոն երևույթների վերացմանը՝ նա նշեց. «Սա մեր ամենակարևոր և ամենացայտուն ձեռքբերումն է։ Եվ դա պատահական չէ, քանի որ անձնակազմը հիմնականում բաղկացած է արժանապատիվ և պարկեշտ մարդկանցից»։

Ելույթի ընթացքում Մ. Բաբայանը խոսեց նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի իրականացրած գիտահետազոտական աշխատանքների մասին, որոնց արդյունքներն ամփոփվելու են  սեպտեմբերին։

«Մենք շարունակում ենք կրթահամալիրի առաջնահերթությունը համարել ուսումնական և գիտական աշխատանքները։ Կրթահամալիրի շարժիչ ուժն այսուհետ ևս մնալու է դասախոսական, ուսումնական, գիտամեթոդական անձնակազմը։ Կրթահամալիրի մյուս ծառայողները, այդ թվում՝ ես և իմ տեղակալները, մեր ամենօրյա աշխատանքով ապահովելու ենք ուսումնական և գիտական կազմի արդյունավետ գործունեությունը»։

Կրթահամալիրի պետի ամենօրյա հսկողության ներքո է գտնվում նաև սպասվող հավատարմագրման գործընթացը, որի արդյունավետ իրականացման համար նա ևս մեկ անգամ հորդորեց կրթահամալիրի անձնակազմին դրսևորել պատասխանատվության բարձր զգացում և նվիրում։

Խոսքն ավարտելով՝ ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը տեղեկացրեց նաև, որ շուտով կրթահամալիրը ձեռք կբերի պարեկային ոստիկանների ուսուցման համար անհրաժեշտ քրեագիտական բազմազան և մեծարժեք նյութեր, տեխնիկա և սարքավորումներ, այնուհետև ներկաների ուշադրությունը հրավիրեց մի շարք խնդիրների վրա, նշեց դրանց արագ և վճռականորեն կարգավորելու անհրաժեշտության մասին և այդ ուղղությամբ տվեց կոնկրետ հանձնարարականներ տարբեր ստորաբաժանումներին։