Նորություններ

Վերադառնալ
31.05.2019

Ամփոփվեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության աշխատանքները

Ամփոփվեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության աշխատանքները

Մայիսի 30-ին կրթահամալիրում անցկացվեց «Բուհերի հավատարմագրման նշանակությունը, գործընթացն ու չափանիշները» թեմայով վերջին հանդիպումը։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը ներկայացրեց  ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ենթակառուցվածքային հավատարմագրման  9-րդ չափանիշը՝ կրթահամալիրի արտաքին կապերը և միջազգայնացումը։ Անդրադառնալով կրթահամալիրի միջազգայնացման քաղաքականությանը և ընթացակարգերին, նպատակներին և հիմնական ուղղություններին՝ թեմայի շրջանակներում բանախոսը ներկայացրեց վերջին 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքները, վերլուծեց չափանիշի ուժեղ և թույլ կողմերը։

Կրթության որակի ապահովման բաժանմունքի առաջատար մասնագետ Արուսյակ Գևորգյանն անդրադարձավ կրթահամալիրի ինստիտուցիոնալ կարիքների գնահատման համար իրականացված ինքնավերլուծության վերջին՝ 10-րդ չափանիշին, և ներկայացրեց կատարված կարիքների գնահատումն ըստ չափորոշիչների: Բանախոսը մասնավորապես նշեց.

- Ներկայացվող չափանիշը համարվում է կրթահամալիրում իրականացված ինստիտուցիոնալ կարիքների գնահատման վերջին գործողությունը, որն ընդգրկում է վեց չափորոշիչ: Որակի ապահովման չափանիշը պատահական չէ, որ վերջում է ընդգրկված: Նախորդ ինը չափանիշներն իրենց արդյունքներով և առանձին-առանձին գործողություններով որոշակի մշակույթ են ստեղծում, շահակիցների և շահառուների համար թափանցիկություն են ապահովում, որն էլ ինչ-որ չափով անդրադառնում է որակի ապահովման մշակույթի տարածման վրա:

Ա. Գևորգյանը մանրամասն ներկայացրեց բոլոր չափորոշիչները և ընդգծեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել կրթահամալիրում որակի ապահովման համակարգի ներդրման և պարբերական բարելավման համար: Վերջում անդրադարձ կատարվեց չափանիշից բխող ուժեղ և թույլ կողմերին և դրանցից բխող հետագա գործողություններին և բարելավումներին:

Ամփոփելով միջոցառումների շարքը՝ հանդիպման ավարտին ելույթ ունեցավ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը։ Գնահատելով կատարած աշխատանքները՝ նա առանձնակի շեշտեց կրթության որակի ապահովման բաժանմունքի դերը, ինչպես նաև մեկ անգամ ևս հորդորեց կրթահամալիրի անձնակազմին ուժերի առավելագույնը ներդնել հավատարմագրման գործընթացի դրական արդյունքն ապահովելու համար։