Նորություններ

Վերադառնալ
09.09.2019

ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան 90 տարեկան է

 ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան 90 տարեկան է

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ՝ սեպտեմբերի 6-ից 8-ը կրթահամալիրի պատվիրակությունը` ակադեմիայի պետ ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը, ծառայության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Խաչատրյանը, մասնակցեցին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի 90-ամյակին նվիրված միջոցառումներին։

Հոբելյանական տոնի կապակցությամբ կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ։ Միաժամանակ տեղի ունեցավ  նաև ՆԳՆ (ոստիկանություն) ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանություն)  բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի ռեկտորների ամենամյա 10-րդ հանդիպումը, որի ժամանակ  քննարկվեցին ուսումնական գործընթացում առկա խնդիրներն ու մշակվեցին  փորձի փոխանակման նոր ընթացակարգեր։  

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, որը ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի պետին հանձնեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Օսիպյանի հրամանով  շնորհված «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ, ինչպես նաև փոխանցեց վերջինիս շնորհավորական ուղերձը` Կառավարման ակադեմիայի 90-ամյակի կապակցությամբ։

Իր խոսքում կրթահամալիրի պետն անդրադարձավ ասոցիացիայի 10-ամյա գործունեության արդյունավետությանը՝ ընդգծելով, որ մասնակից բոլոր ուսումնական հաստատությունների կողմից մեծ աշխատանք է իրականացվում գիտական միտքը զարգացնելու, լավագույն փորձի ուսումնասիրման և  փոխանակման համար։

Հանդիպման ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բուհերի ասոցիացիայի մասնակից ուսումնական հաստատությունների ղեկավարները նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին 2020թ․ ամենամյա հերթական հանդիպումն անցկացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝  ուսումնական հաստատությունների ղեկավարները ստորագրեցին բանաձև (ռեզոլյուցիա) ասոցիացիայի  գործունեության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում  տեղի ունեցավ նաև 6-րդ ամենամյա Սպարտակիադան, որտեղ  շախմատ, թենիս, և ծանրաքար մարզաձևերում իրենց սպորտային հմտությունները դրսևորեցին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները։

Իսկ այցը եզրափակվեց  Կառավարման ակադեմիայի 90-ամյակին նվիրված տոնական միջոցառմամբ։