Վերադառնալ
18.04.2020

«Արդյունավետ անցկացնենք մեզ հատկացված ժամանակը»․ զրույց հոգեբանի հետ

«Արդյունավետ անցկացնենք մեզ հատկացված ժամանակը»․ զրույց հոգեբանի հետ

Բժշկական դիմակներ, զանազան ախտահանիչ միջոցներ, դատարկ փողոցներ ու ամեն օր անհամբեր սպասվող լուրեր։ Մարտի 16-ին COVID-19 համաճարակի պատճառով ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն։ Իրավիճակն ամբողջ աշխարհում ընդունված է անվանել «Կարանտին» (quarantina), որն առաջին անգամ կիրառել են իտալացիները, երբ 14-րդ դարում համաճարակի պատճառով երկրում 40-օրյա  արտակարգ դրություն հայտարարվեց։

Շուրջ մեկ ամիս է, ինչ  պարետի հանձնարարականով մարդիկ մեկուսացել են տանը և դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը բոլոր մյուս կրթական հաստատությունների պես անցել է հեռավար ուսուցման։

     Մեկուսացման օրերին առցանց դասավանդման,  սովորողների ժամանցի կազմակերպման, նրանց ձանձրույթը հաղթահարելու մասին զրուցել ենք Կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան, ոստիկանության կապիտան Մարիամ Կարապետյանի հետ։

- Ի՞նչ առանձնահատկություններ եք նկատում հեռավար դասավանդման մեջ։  

    -Կարծում եմ՝ սա նոր հարթակ է, որի միջոցով մեր մասնագետները հնարավորություն կունենան  օգտագործել իրենց բարձր մասնագիտական  որակները:

- ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներն  օր ու գիշեր  ծառայում են՝ հորդորելով քաղաքացիներին մնալ տանը։ Պրակտիկ խորհուրդներ, թե ինչպես կարելի է այս օրերին հաղորդակցվել քաղաքացիների հետ՝ հաշվի առնելով իրավիճակային առանձնահատկությունները։

     -Քաղաքացինեերի հետ հաղորդակցման հմտությունների կիրառման առումով ցանկալի է օգտագործել արդյունավետ ունկնդրման մեթոդները, լինել բաց և անկողմնակալ, տառացիորեն լսել այն, ինչ ասվել է, ցուցաբերել ըմռնում ու մեկնաբանել առաջադրանքը: Կրթահամալիրի սովորողներին խորհուրդ եմ տալիս վերհիշել մեր հաղորդակցման հմտությունների դասընթացները, որոնց ընթացքում ուսումնասիրել ենք հաղորդակցման հմտությունների առանձնահատկությունները:

          Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մարդկանց լարվածությունը հնարավոր է կոնֆլիկտային իրավիճակներ առաջացնի։ Այս իրավիճակների լուծման լավագույն միջոցներից է դրանց ժամանակին չեզոքացնելը, իսկ  հարթեցման լավագույն մեթոդներից է ինքնակարգավորման հմտությունների կիրառումը: Օրինակ՝ նախնական փուլում կարելի  է  կոնֆլիկտը հուզական մակարդակից բարձրացնել ինտելեկտուալ մակարդակի: Որպեսզի մեր հուզական լարված վիճակը հանդարտեցնենք, հարկավոր է ինքներս մեզ տանք հետևյալ պարզ հարցերը՝ որտե՞ղ եմ ես, ի՞նչ եմ անում․ այս կերպ մեր ուշադրությունը շեղվում է մտածողության վրա և հուզական լարվածությունը մարում է:

Հոգեկան հանգստության համար կարևոր է յուրաքանչյուր աշխատանք կատարել սիրով, հիշենք, որ մեր  գործողություններն իրենցից ներկայացնում են էներգիայի փոխանակում․ փորձենք արդյունավետ անցկացնել մեզ հատկացված ժամանակը և ընդունել յուրաքանչյուր որոշում՝ պարզ մտքով և խաղաղ հոգով:

-  Ըստ Ձեզ, ի՞նչն է ձանձրույթի և անհարմարության պատճառ դառնում։

     -Ուշ քնելը, առանց ռեժիմի ապրելակերպը կարող է առաջացնել հոգնածություն, ծուլություն և հանգեցնել իմունային դիմադրության թուլացմանը:

Այս ամենը բնական է, քանի որ օրգանիզմը հարմարվում է իր համար անծանոթ՝ նոր ապրելակերպին․ փոխվում է էներգիայի բաշխման գործընթացը, քանի որ մինչ այս մենք ունենինք օրվա կազմակերպման այլ տարբերակ, իսկ այսօր պետք է փոփոխություններ մտցնենք այդ գործընթացի մեջ:

- Պրակտիկ խորհուրդներ բոլորին և մասնավորապես՝ Կրթահամալիրի սովորողներին, թե ինչպես կարելի է հաղթահարել ստեղծված անհարմարությունը և օգուտ քաղել մեկուսացումից՝ ճիշտ կազմակերպելով ժամանցը։

     - Կրթահամալիրի սովորողներին խորհուրդ է տրվում օրը բաժանել ինտելեկտուալ և ֆիզիկական ակտիվության, որոնք իրենց հերթին բարելավում են հոգեկան առողջությունը,
զբաղվեք նրանով, ինչով վաղուց ուզում էիք և նախկինում որոշ պատճառներով չէր ստացվում: Կարդացեք որակյալ գրականություն․ համացանցի բազմաթիվ կայքերում առկա են մասնագիտական, գեղարվեստական (ինչպես էլեկտրոնային, այնպես էլ աուդիտ տարբերակներով): Մոտիվացրեք ձեզ նպատակներով, բայց այդ նպատակների իրագործումն օրվա ընթացքում բաժանեք չափաբաժինների: Ոմանք կարող են մոտիվացվել կուրսային աշխատանք գրելով, ոմանք գիրք կարդալով, ոմանք նվազեցնեն ավելորդ քաշը ֆիզիկական վարժություններով՝ վազք, ակտիվ սպորտային վարժություններ և այլն: Վաղուց ապացուցված է, որ ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն առողջարար է, այլ նաև բարձրացնում է տրամադրությունը, ակտիվացնում, կրկնապատկում էներգիան:

      Որպեսզի տրամադրության անկումները և տագնապայնությունը չեզոքացնենք, ցանկալի է հնարավորինս քիչ ժամանակ տրամադրել լուրերի ուսումնասիրմանը։ Իհարկե, բոլորս անսովոր իրավիճակում  ենք և ունենք տեղեկատվություն ստանալու պահանջ, բայց այս գործընթացին կարող ենք հատկացնել օրվա ընթացքում, ասենք, 1 ժամ և օգտվենք այն լրատվամիջոցներից, որոնք զերծ են հուզական մեկնաբանություններից, օբյեկտիվ են ու պաշտոնական բնույթի։ Մտածեք դրական պատկերների մասին, կատարեք վիզուալիզացիաներ։ Հիմնականում մարդու հույզերը և մտքերն զբաղված են տեղեկատվությամբ․ մենք անընդհատ մտածում ենք մեր լավ, վատ, ճիշտ կամ սխալ գործողությունների մասին։ Այս ամենն ավելի է ուժեղացնում մեր տագնապայնությունը: Նշեմ, որ մեր ուղեղն ունի հզոր հնարավորություններ․ մենք կարող ենք դրական մտքերի, պատկերների միջոցով բարելավել մեր հոգեբանական վիճակը: 

-Ինչպիսի՞ արժեքներ կարելի է վերանայել այս օրերին։

     -Կարծում եմ՝ այս իրավիճակը կնպաստի ավելի հանգիստ աչքերով նայել մեզ շրջապատող իրականությանը, վերաիմաստավորել մեր արժեքները, ավելի շատ ուշադրություն դարձնել բնության գեղեցկությանը, շփվել ընտանիքի անդամների, երեխաների հետ, լեզուներ սովորել,  գրականություն ուսումնասիրել, զբաղվել ինքնազարգացմամբ։ Այս պայմաններում ցանկալի է ուշադրություն դարձնել տոլերանտության ցուցաբերմանը, ինչը նշանակում է այլ մարդու  կենսակերպի և վարքի, հայացքների, սովորույթների նկատմամբ համբերատարություն և հանդուրժողականություն ցուցաբերել։ Հիշենք, որ մեզ շրջապատող մարդիկ նույնպես մեզ նման ապրում են նույն հույզերը և գտնվում են նույն իրավիճակում:

 

Զրուցեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական
և զարգացման վարչության միջազգային
համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի տեսուչ,
ոստիկանության ավագ լեյտենանտ Անի Ղուկասյանը