Որակավորման բարձրացման միջոցառումներ ՌԴ ՆԳՆ առաջատար բուհում
Մեծ հեղինակություն վայելող Մոսկվայի Կիկոտի անվան համալսարանում հոկտեմբերի 21-ից 26-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցինչների՝ ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Բենիամին Ալեքսանյանի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության կապիտան Արտակ Ղազարյանի համար «Փորձաքրեագիտական ստորաբաժանումների համար կադրերի պատրաստման կազմակերպում» թեմայով որակավորման բարձրացման դասընթաց էր կազմակերպվել։ Դասախոսությունների ընթացքում Կրթահամալիրի ներկայացուցիչները ծանոթացան համալսարանի ուսումնական գործընթացին, առարկայական ծրագրերին, թեմատիկ պլաններին, դասավանդման մեթոդական ուղեցույցներին և նյութատեխնիկական բազային։ Հանդիպում ունեցան վարչական կազմի, վերապատրաստման ֆակուլտետի և պատասխանատու ամբիոնի անձնակազմի հետ, այցելեցին մասնագիտական լաբորատորիաներ և դասավանդման մեթոդիկայի ուսումնասիրման նպատակով մասնակցեցին գործնական պարապմունքներին։ Միջոցառման ընթացքում Կրթահամալիրի ներկայացուցիչներն իրենց մասնակությունն ունեցան «Դատական փորձաքննությունների շրջանակներում կանխարգելիչ գործունեություն. տեսական և գործնական ասպեկտներ» թեմայով կլոր սեղանի աշխատանքներին։
Դասընթացների վերջին օրը դասախոսները ներկա գտնվեցին մշակութային միջոցառումներին, փոխհամագործակցության և համատեղ գիտական գործունեություն ծավալելու նպատակով այցելեցին գիտական աշխատանքների բաժին։
Համագործակցող հեղինակավոր բուհերում Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացումն ու վերապատրաստումներն իրականացվում են Կրթահամալիրի ղեկավարության վերահսկողության ներքո՝ բուհի ռազմավարական նպատակներին համահունչ։