Վերադառնալ
16.02.2023

ԹՊԻՀ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

ԹՊԻՀ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

    Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԱՄՆ Վաշինգտոնի` Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ոստիկանության գծով ավագ խորհրդատու Կառա Ռոուզը,  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ գրասենյակի ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյանը։

Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի գլխավորությամբ։

Այցի նպատակն էր ծանոթանալ Կրթահամալիրում ԹՊԻՀ կատարած աշխատանքներին և քննարկել հետագա համագործակցությունը։

Հյուրերն այցելեցին Կրթահամալիրի փորձակայան, ԹՊԻՀ-ի աջակցությամբ հիմնադրված պարեկային ծառայության դասընթացների  համար նախատեսված համակարգչային լսարան,  ծանոթացան ուսումնական հաստատության պատմությանը, կրթական, կառուցվածքային առանձնահատկություններին, ուսումնական ծրագրերին։

Այցն ամփոփվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանի աշխատասենյակում։ Մ․ Մուրադյանը մանրամասն ներկայացրեց ԹՊԻՀ գրասենյակի հետ համագործակցության արդյունքում Կրթահամալիրում իրականացված աշխատանքները՝ շեշտը դնելով պարեկային ոստիկանության դասընթացների ստեղծման նախապատմության, ուսումնական ծրագրի մշակման, վերանայման ու բարեփոխման  վրա։

Մ․Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԹՊԻՀ-ին՝ ոստիկանական կրթության որակի բարձրացման նպատակով տրամադրվող շարունակական աջակցության  համար։

ԹՊԻՀ-ի ոստիկանության գծով ավագ խորհրդատու Կառա Ռոուզն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով այն ոլորտները, որոնց շրջանակում կշարունակվի համագործակցությունը։