Կայացավ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն» (TOPCOP) տարածաշրջանային ծրագրի պատասխանատուների հերթական հանդիպումը
Նոյեմբերի 15-16-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացավ ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (ՍԻՊՈԼ) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն» (TOPCOP) տարածաշրջանային ծրագրի պատասխանատուների հերթական հանդիպումը։ Կրթահամալիրից մասնակցում էր ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարինե Սաֆարյանը։
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ գործընկեր երկրների իրավապահ մարմինների կրթական համակարգերի առանձնահատկություններին, այդ հաստատություններում էլեկտրոնային ուսուցման հարթակներ ներդնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկել հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդմանն ուղղված վերապատրաստման լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը։
Մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում իրավապահ մարմինների կրթական և վերապատրաստման համակարգերը, մասնավորապես՝ ազգային մակարդակում թեմատիկ վերապատրաստումների ընդհանուր կառուցվածքը, հանցավորության նոր միտումների և սպառնալիքների պարագայում իրավապահ մարմինների հմտությունների կատարելագործման նպատակով վերապատրաստումների պլանավորման և անցկացման կարգը, թիրախային խմբի ընտրությունը, դասընթացի տևողությունը, մասնակիցների քանակը, դասընթացի համար պատասխանատու մարմինները, հաճախակի հանդիպող մարտահրավերներն ու դժվարությունները։
Քննարկվել են նաև գործընկեր երկրներում իրավապահ մարմինների կրթական հաստատություններում Թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ դասընթացի միասնական ծրագիր ներառելու հնարավորությունը, որի հիման վրա ազգային մակարդակում կանցկացվեն ոլորտին վերաբերող վերապատրաստման դասընթացներ։