Նորություններ
ՎերադառնալՈւսումնամեթոդական հավաք ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
Հուլիսի 11-13-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը, որին մասնակցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Հավաքին մասնակցում էին ՀՀ ոստիկանության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Կոլեկտիվ անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հավաքը բաղկացած էր տեսական և գործնական պարապմունքների փուլերից:
Հավաքի առաջին օրը մասնակիցները ժամանեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որտեղ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի տարածքում, հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ծանոթացան կրթահամալիրի կառուցվածքին, իրականացվող կրթական, ինչպես նաև հեռանակարային ծրագրերին:
Հավաքը սկսվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանի ողջույնի խոսքով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր ելույթում անդրադարձավ հավաքի խնդիրներին և հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությանը:
Ըստ նախօրոք հաստատված պլանի և ծրագրի՝ հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ: Վերջիններիս նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումը, փորձի փոխանակումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների և հմտության ամրապնդումն է: