Հերթական դասընթաց՝ միջազգային գործընկերների աջակցությամբ
ԵՄ իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (ՍԻՊՈԼ) «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և օպերատիվ համագործակցություն (ԹՈՓՔՈՓ)» ծրագրի աշխատակազմի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում անցնող ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության 50 ծառայողի համար առցանց ձևաչափով անցկացվեց հերթական դասընթացը՝ «Ոստիկանության ծառայողների բարեվարքություն և էթիկա, առաջնոդություն» թեմայով։ Դասընթացը վարում էր Հաննովերի (Գերմանիա) ոստիկանության նախագահ տիկին Գվենդոլին ֆոն դեր Օսթենը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց խոսնակին նման կարևոր թեման ներկայացնելու պատրաստակամության համար՝ ընդգծելով բարեվարքության խիստ կարևոր նշանակությունը հանրային ծառայողների և հատկապես՝ գաղտնի աշխատանք կատարող ոստիկանության ծառայողների համար։
Տիկին ֆոն դեր Օսթենը, ներկայացնելով իր անցած ճանապարհը ոստիկանությունում, անդրադարձավ այն կարևոր կարողունակություններին ու վարքագծի կանոններին, որ պետք է դրսևորի յուրաքանչյուր ղեկավար իր պատասխանատվության ներքո գտնվող աշխատակիցների հետ ամենօրյա աշխատանքի ընթացքում։ Նա նաև ընդգծեց ղեկավարի՝ աշխատավայրում առողջ և փոխադարձ հարգանքի միջավայր ստեղծելու, միաժամանակ զգացմունքային և բանական մակարդակներում որոշում կայացնելու, իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների ուժեղ կողմերը նկատելու և խրախուսանքի մեթոդներ կիրառելու ունակության կարևորությունը։ Քննարկվեց նաև հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողների կողմից հասարակության անդամների նկատմամբ հանդուրժողականություն և պատշաճ վարքագիծ դրսևորելու հարցը։