ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
22.07.2026

Մեկնարկել է ոստիկանության ծառայողների շարունակական վերապատրաստման նոր ձևաչափը

Մեկնարկել է ոստիկանության ծառայողների շարունակական վերապատրաստման նոր ձևաչափը

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար նախատեսված շարունակական վերապատրաստման դասընթացները՝ ծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական կարողությունների շարունակական զարգացման նպատակով։

  Նոր ձևաչափի առանձնահատկությունն այն է, որ վերապատրաստումներն իրականացվում են առցանց եղանակով՝ ծառայության կամ գտնվելու վայրից, ինչը ծառայողներին հնարավորություն է տալիս վերապատրաստումներն անցնել առանց գործուղումների և ծառայությունից կտրվելու։

   Այս մոտեցման շնորհիվ նվազում է ծառայությունից բացակայող անձնակազմի թիվը, ինչի արդյունքում մարզային ստորաբաժանումները շարունակում են արդյունավետ իրականացնել իրենց առօրյա գործառույթները։ Միաժամանակ ստեղծվում են պայմաններ, որպեսզի վերապատրաստումներին ընդգրկվեն ավելի մեծ թվով ծառայողներ՝ առանց ծառայության բնականոն ընթացքը խաթարելու։

   Դասընթացների ընթացքում մասնակիցները թարմացնում են իրենց մասնագիտական գիտելիքները, ծանոթանում օրենսդրական վերջին փոփոխություններին և ուսումնասիրում ոստիկանության գործունեության ժամանակակից մեթոդներն ու միջազգային լավագույն փորձը։

   Առցանց ուսուցումն իրականացվում է ժամանակակից թվային հարթակների միջոցով՝ ինտերակտիվ մեթոդներով, ներառյալ գործնական իրավիճակների վերլուծությունը, քննարկումները և փորձի փոխանակումը։

  Նոր ձևաչափով վերապատրաստումը կրելու է շարունակական բնույթ և փուլային եղանակով կընդգրկի ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ավելի մեծ թվով ծառայողների՝ ապահովելով մասնագիտական զարգացման ավելի լայն հնարավորություններ։

   Կրթահամալիրը շարունակելու է ներդնել ժամանակակից և արդյունավետ կրթական լուծումներ՝ նպաստելով ոստիկանության ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ծառայությունների որակի բարձրացմանը և հանրային անվտանգության ապահովման գործում նրանց արդյունավետության շարունակական բարձրացմանը։