Վերադառնալ
19.09.2020

Պարեկային ծառայության կազմավորման գործընթացը շարունակվում է

Պարեկային ծառայության կազմավորման գործընթացը շարունակվում է

   Հստակ ուղենշված քայլերով շարունակվում է ՀՀ ոստիկանության նոր պարեկային ծառայության կազմավորման գործընթացը։ Բազում խոչընդոտներ արդեն իսկ հաղթահարված են, սակայն դեռ շատ անելիքներ կան առջևում։ Հասարակության աչալուրջ հայացքի ներքո ընթացող բարեփոխումներն այս պահին կենտրոնացած են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։ Նոր պարեկային ծառայության միանալ ցանկացող դիմորդների գերակշիռ մեծամասնությունն արդեն իսկ հաղթահարել է մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը և այժմ պատրաստվում է պայքարել ֆիզիկական պատրաստականության նորմատիվների հաղթահարման համար։

Ստուգման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես մեծ է եղել քաղաքացիների շրջանում, ինչը վկայում է բազում լրատվամիջոցների կողմից գործընթացը լուսաբանող նյութերի առատությունը։

Հատկանշական է նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության  ղեկավարության ամենօրյա վերահսկողությունը, ինչպես նաև հասարակական մի շարք կազմակերպությունների առանձնահատուկ ուշադրությունը Կրթահամալիրում իրականացվող գործընթացների նկատմամբ:

Այդ առաքելությամբ այսօր Կրթահամարիր էին այցելել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և ներկայացուցիչ Արտաշես Սերգոյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը, ինչպես նաև «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի և առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանի ուղեկցությամբ հյուրերը հետևեցին այդ պահին իրականացվող ֆիզիկական պատրաստականության ստուգատեսին, քննարկեցին պարեկային ծառայությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։