Վերադառնալ
21.11.2022

Սևանա լճում հանգիստն այսուհետ ավելի անվտանգ կլինի. ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն

Սևանա լճում հանգիստն այսուհետ ավելի անվտանգ կլինի. ստեղծվում է ջրային պարեկային ծառայություն

       Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների անվտանգության ուղղությամբ միջոցառումները: Պարեկային ծառայությունում ներդրվելու է հերթական նորարարությունը:

Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու թեմաներով քննարկում: Ներկա էին արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և այլք։ Նրանք ապագա պարեկներին ներկայացրին նոր ստեղծվող ծառայության առանձնահատկություններն ու կարևորությունը։ Մանրամասնեցին նաև ջրային պարեկների գործառությունները, ինչպես նաև ջրային պարեկ դառնալու կարգը։

«Ներկայումս քննարկման փուլում է ջրային պարեկային ծառայության ներդրման հարցը: Մշակվել է համապատասխան հայեցակարգ: Պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն»,-նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության, ոստիկանության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ։ Ուսումնառությունից հետո պարեկային ծառայությունը կհամալրվի համապատասխան հմտություններով օժտված մասնագետներով, որոնք էլ Սևանա լճում կիրականացնեն ջրային պարեկություն:

«Ըստ էության, ջրային պարեկությունը ենթադրում է ՀՀ ջրային տարածքների, հիմնականում՝ Սևանի ամբողջական ծածկվածությունը: Խոսքը ոստիկանական ծածկվածության մասին է, ինչը ենթադրում է, որ տվյալ տարածքներում լիարժեք ապահովվելու է հասարակական կարգ և հասարակական անվտանգություն, ինչպես նաև իրականացվելու է հանցավորության դեմ պատշաճ պայքար»,-ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:

Ըստ ծրագրի՝ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում կգործեն ջրային պարեկների խմբեր:

«Այս պահին հայտերի ընդունման փուլում ենք և այդ շրջանակում կրթահամալիրում փորձեցինք սովորողներին հաղորդակից դարձնել այդ ամբողջ գործընթացին, ներկայացնել այն բոլոր մանրամասները, որոնք նրանց հետաքրքրում են և անհրաժեշտ են վերջնական որոշում կայացնելու տեսանկյունից: Կարծում եմ, որ կունենանք բավական թվով դիմորդներ»,-ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ջրային պարեկային ծառայության համար դիմորդները կանցնեն առանձնահատուկ վերապատրաստումներ, որոնց շնորհիվ ձեռք կբերեն բարձր պատրաստվածություն և մասնագիտացված ծառայության համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն:

«Ջրային պարեկության ծառայության գործարկումը բարդ փուլային-անցումային շրջան է նախատեսում՝ սկսած անձնակազմի ընտրությունից: Անձնակազմը ընտրվելու է գործող պարեկային ծառայության ստորաբաժանումների ծառայողներից, ինչպես նաև այս պահին կրթահամալիրում սովորողներից: Ջրային պարեկների շարքերում պետք է լինեն հատուկ ընտրված, համապատասխան ծառայողներ: Ծառայությունն իր մեջ ներառելու է որոշակի տարածություն լողալու հմտություններ, ջրի մեջ կանգնելու, մնալու և սուզվելու հմտություններ: Այդ բոլոր չափորոշիչներին համապատասխանելուց հետո կսկսվեն միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներ»,-նշեց ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:

Այսպիսով, սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթներն են լինելու Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև Հայաստանի ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:

Աղբյուրը՝ police.am կայքից