Մասնագիտական պրակտիկա են անցնում ապագա պարեկները
Ընտանեկան իրավիճակներ, ճանապարհային պատահարներ, բնակարանային գողություն․
Կրթահամալիրում ապագա պարեկներն իրենց մասնագիտական հմտությունները սցենարային խաղարկումներով ամրապնդում և ավելի պատկերավոր են ընկալում ապագա ծառայությունը։
Դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 19-ը ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության 2021-2022 ուսումնական տարվա «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման երկրորդ հոսքի սովորողները մասնագիտական պրակտիկա են անցնում ոստիկանության պարեկային ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներում, վարչակազմի ենթակառուցվածքային ստորաբաժանումներում։
Պրակտիկայի ընթացքում ոստիկանության կրթահամալիրում ԱՄՆ-ից ժամանած օտարերկրյա հրահանգիչները, ոստիկանության կրթահամալիրի ծառայողները և պայմանագրային դասախոսները դերասանների մասնակցությամբ անցկացնում են սցենարային իրավիճակների խաղարկումներ։
Մասնագիտական պրակտիկայի նպատակն է ձևավորել սովորողների մասնագիտական գործունեությունը, սահմանված նորմերին համապատասխան իրականացնել հմտությունները, ամրապնդել գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ հատուկ միջոցներ կիրառելու ունակությունները, ձևավորել քաղաքացիների հետ շփումներում սահմանված էթիկայի նորմերը և բարեվարքության կանոնները գործնականում կիրառելու հմտությունները։
Դեկտեմբերի 20-ին և 21-ին մասնագիտական պրակտիկան կեզրափակվի ստուգարքներով։
Պրակտիկան իրականացվում է ԱՄՆ կառավարության աջակցությամբ (ԹՊԻՀ ծրագիր)։