Վարժախաղ՝ պարեկների մասնակցությամբ
Ավազակային հարձակում և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումներ։ Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ապագա պարեկները վարժախաղի միջոցով ներկայացրին ձեռք բերված գիտելիքները բարդ իրավիճակներում կիրառելու կարողությունները։
Վարժախաղերը կազմակերպվել էր «Ծառայության իրականացման մարտավարություն» առարկայի շրջանակներում ՝ «Բարձր ռիսկայնությամբ տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդի և ուղևորների դուրսբերումը, տրանսպորտային միջոցի սրահի և բեռնախցիկի ստուգումը» թեմայով։
Համաձայն առաջադրված սցենարի՝ ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստացվել ավազակային հարձակում կատարելու մասին։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է ձերբակալել դեպքի վայրից տրանսպորտային միջոցով փախուստի դիմած հանցագործներին։ Կապի միջոցներով հայտնվում է հանցագործների զինված լինելու մասին։ Միևնույն ժամանակ, արգելափակվում են հարակից փողոցները, կիրառվում «ճանապարհային ոզնի» տեխնիկական միջոցը։
Մյուս սցենարային խաղը Կրթահամալիրի փորձակայանում էր, որտեղ բեմադրվել էր ավազակային հարձակում բանկի վրա։ Այստեղ պարեկները ցուցադրեցին, թե ինչպես պետք է գործել տվյալ իրավիճակում, ինչպես պետք է բանակցել և վնասազերծել հանցագործին (իրավախախտին), օգնել և հոգեբանական աջակցություն ցուցաբերել տուժածներին, կանխել հետագա վտանգավոր զարգացումները։
Երկու իրավիճակն էլ բեմադրված էր․ ապագա պարեկներին հաջողվեց պատվով կատարել առաջադրանքը, իսկ առջևում իրական կյանքն է՝ տարբեր փորձություններով։