Ուսումնական պրակտիկայի հրահանգավորում՝ պարեկային ծառայության սովորողների համար
Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման երկրորդ հոսքի սովորողների մասնագիտական պրակտիկայի հրահանգավորումը, որն անցկացվելու է մարտի 7-ից 26-ը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության ստորաբաժանումներում:
Հրահանգավորմանը ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի գլխավորությամբ:
Կրթահամալիրի պետը, ողջունելով պարեկային ծառայության սովորողներին, նշեց, որ տեսական գիտելիքներն այժմ կարիք ունեն գործնականում տեղայնացվելու ու կիրառվելու, իսկ պրակտիկան անընդհատ սովորելու, կատարելագործվելու հնարավորություն է տալիս:
-Աշխատանքի բարձր որակին զուգահեռ՝ առաջնորդվե՛ք նաև մարդկային ու բարոյական բարձր արժեքներով,-նշեց կրթահամալիրի պետը՝ հաջողություն մաղթելով պարեկային ծառայության սովորողներին և հորդորելով պրակտիկան անցնել ըստ էության, լուծել իրենց առջև դրված խնդիրները, հենվել իրավունքի գերակայության սկզբունքի վրա:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը սովորողներին ծանոթացրեց ուսումնական պրակտիկայի առանձնահատկություններին, կարգուկանոնին և ընդգծեց, որ ուսումնական պրակտիկայի բարեհաջող ավարտից հետո է, որ սովորողները հնարավորություն կունենան մասնակցելու պետական ատեստավորման քննություններին:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյանը խոսեց ուսումնական պրակտիկայի ծրագրի, իրավական հիմքերի, ժամկետի հարցերի շուրջ:
Հանդիպման վերջում սովորողները հնչեցրին հարցեր ու ներկայացրին իրենց առաջարկներն ուսումնական գործընթացի վերաբերյալ: