Վերադառնալ
18.01.2021

Նոր պարեկային ծառայության դասընթացները մեկնարկեցին

Նոր պարեկային ծառայության դասընթացները մեկնարկեցին

   Ոստիկանության 2020-2022 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսված կարևոր միջոցառումներից մեկը նոր պարեկային ծառայության կազմավորումն է: Ապագա պարեկային ծառայողների կրթության առաքելությունը վերապահվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրին: Դեռևս 2020 թվականի հուլիսին կրթահամալիրում մեկնարկել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելությունը:

   Ընդունելության առաջին հոսքի համար հայտարարվել էր 770 մրցութային տեղ, և հավասար հիմունքներով պետք է մրցեին ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ ոստիկանության գործող ծառայողները: Ընդունելությանը մասնակցելու համար դիմել էր ընդհանուր թվով ավելի քան 2500 դիմորդ:

   2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել էին ընդունելության ստուգումները, որոնք ներառում էին մշակված նոր համակարգչային ծրագրով դիմորդների մասնագիտական պիտանելիության համալիր ստուգումը և ֆիզիկական պատրաստականության ստուգումը: Դրական միավորներ հավաքած դիմորդներն անցել են նաև հարցազրույց, որի ընթացքում հոգեբանների ներգրավմամբ հանձնաժողովներն ստուգել են դիմորդների անձնական որակներն ու արժանիքները, ինչպես նաև ընդհանուր հոգեբանական նկարագիրը:

   2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով ընդունելության վերջնական արդյունքները հնարավոր եղավ ամփոփել 2021 թվականի հունվարի սկզբին: Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած համարվեցին առավելագույն միավորներ հավաքած և հարցազրույցի դրական եզրակացություն ստացած 770 դիմորդ, որոնցից 496-ը քաղաքացիական անձինք են, 274-ը՝ ոստիկանության ծառայողներ: Դիմորդներից 46-ը կանայք են:

   2021 թվականի հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով 5-ամսյա ուսուցման մեկնարկը: Պարեկային ծառայության շարքերն առաջինը համալրելու իրավունքը վաստակած 770 սովորողներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը, ՀՀ Արդարադատության փոխնախարար Ք․Գրիգորյանը և Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա․Սուքիասյանը։

   Ուսուցումն իրականացվելու է հատուկ այդ նպատակով մշակված կրթական ծրագրով և նոր մեթոդաբանութամբ: Դասընթացներն անցկացնելու են մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված և միջազգային փորձագետների կողմից վերապատրաստված դասախոսները:

   Արդեն 2021 թվականի հունիսին մեր հայրենակիցները Երևան քաղաքում կտեսնեն առաջին պարեկային ծառայողներին և կզգան նոր պարեկային ծառայության որակն ու արդյունավետությունը: