ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ 2027 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ռեկտորի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ պրոռեկտորների և Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների մասնագիտական պատրաստության կարիքները, 2027 թվականի վերապատրաստումների հիմնական ուղղությունները, դրանց իրականացման հնարավորություններն ու անհրաժեշտ ուսումնական ռեսուրսները։
Անդրադարձ է կատարվել քաղաքային որոնողափրկարարական աշխատանքների, հրդեհաշիջման, փրկարարական գործողությունների կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կառավարման և մասնագիտացված գործնական պատրաստության հարցերին։
Առանձնահատուկ կարևորվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստության կատարելագործումը։ Այս համատեքստում քննարկվել են միջազգային գործողությունների համակարգման, տեղեկատվության կառավարման, փլուզված կառույցներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև մասնագիտական գործնական հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման հարցերը։
Քննարկվել են նաև մասնագիտացված մասնագետների ներգրավման, ուսումնավարժական բազաների և տեխնիկական միջոցների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցության հնարավորությունները։
Խորհրդակցության արդյունքները հիմք կհանդիսանան 2027 թվականի վերապատրաստման ծրագրերի մշակման և դրանց կազմակերպման հետագա աշխատանքների իրականացման համար։
