Տեղի է ունեցել պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2024-2025 ուստարվա առաջին նիստը
2024 թվականի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2024-2025 ուստարվա առաջին նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա.Սաֆարյանը, ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Մարգարյանը, ամբիոնի դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Կարապետյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մարտունու բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Շ. Կարապետյանը։ Նիստի թեման էր՝ «Վարչական իրավախախտման նվազ նշանակության գնահատման հիմնահարցերը որպես վարչական պատասխանատվությունից ազատելու հիմք»:
Նշված թեմայով գիտական զեկույց ներկայացրեց Ա. Կարապետյանը։ Նա անդրադարձավ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածի բովանդակությանը, որը վարչական պատասխանատվությունից ազատելու հիմք է նախատեսում իրավախախտման նվազ նշանակությունը։ Այնուհետև, բանախոսը նախանշեց վերոնշյալ ինստիտուտի իրավական կարգավորման նպատակը, կանխարգելիչ և դաստիարակչական նշանակությունը։ Քննարկումը շարունակվեց օրենսդրի կողմից առանձին դեպքերում սպառիչ կերպով իրավախախտման նվազ նշանակությունը գնահատելու համար անհրաժեշտ պայմաններ սահմանելու, միանման դեպքերում հայեցողական լիազորությունները նույն ձևով իրականացնելու, փաստական հանգամանքների նկատմամբ միատեսակ մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ դիտարկումների շուրջ։ Հաջորդիվ Ա․ Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի եզրահանգումները վարչական իրավախախտման նվազ նշանակության մասին։
Այնուհետև Շ․ Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հիմնախնդրի քննարկում իրավակիրառ պրակտիկայի համատեքստում։ Բանախոսը խնդրո առարկայի շրջանակներում անդրադարձավ ոստիկանության գործելակերպին՝ կարևորելով հանրային վերահսկողության գործիքակազմը և հասարակության իրավագիտակցության մակարդակը։
Քննարկման ավարտին մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսներին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: