Կրթահամալիրի սովորվողները փորձաքրեագիտական վարչությունում
Ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի 1-ին դասակի սովորողների հետ «Կրիմինալիստիկա» առարկայից գործնական պարապմունքը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Բ. Ալեքսանյանի ղեկավարությամբ, անցկացվեց ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում:
Գործնական պարապմունքի ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան ծանոթանալու մատնադրոշմային հաշվառման քարտադարանում տեղեկությունների գրանցման մեխանիզմին, անմիջականորեն հետևելու իրականացվող մատնադրոշմային փորձաքննության ընթացքին:
Դատաձգաբանական հետազոտությունների բաժնում սովորողների ներկայությամբ փորձագետի կողմից իրականացվեց գնդակների և պարկուճների փորձարարական նմուշներ ստանալու գործընթացը, բացատրվեց դրանք հետազոտման ենթակա օբյեկտների հետ նույնացնելու կարգը: Ծանոթացան գնդակապարկուճային հաշվառմանը:
Փաստաթղթերի տեխնիկա-կրիմինալիստական հետազոտությունների բաժնում հետևեցին կեղծ դրամանիշների հետազոտման գործընթացին և ծանոթացան կեղծման տարածված եղանակներին:
Այցը հատուկ հետազոտությունների բաժին սովորողներին հնարավորություն տվեց ծանոթանալ տարատեսակ օբյեկտների, այդ թվում՝ թմրանյութ պարունակողների հետազոտման մեթոդիկային, բաժնի կողմից իրականացվող հետազոտությունների տեսակներին և դրանցով լուծվող հարցերին:
Սովորողները եղան նաև հետքաբանական հետազոտությունների բաժնում և ծանոթացան բաժնում իրականացվող փորձաքննություններին:
Փորձաքրեագիտական վարչություն այցի ընթացքում սովորողները հնարավորություն ստացան դրսևորել իրենց գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել «Կրիմինալիստիկա» դասընթացի ուսումնասիրման շրջանակներում: