Վերադառնալ
01.07.2024

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՑԸ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ

    Հունիսի 25-28-ը ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց տեղի ունեցավ, որի ընթացքում Կրթահամալիրում էր գտնվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ձևավորված փորձագիտական խումբը:

  Քառօրյա աշխատանքի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ Կրթահամալիրի արտաքին և ներքին շահակիցների տարբեր ներկայացուցիչների հետ, քննարկվեցին Կրթահամալիրի առաքելության իրականացմանը միտված բազմաբնույթ հարցեր: Ուսումնասիրվեցին Կրթահամալիրի կառավարմանը նպաստող մի շարք ներքին իրավական ակտեր, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ուսումնական գործընթացի կազմակերպման բոլոր փուլերին:

 Այցի ավարտին փորձագիտական խումբը ներկայացրեց Կրթահամալիրում իրականացված աշխատանքի ամփոփ եզրակացությունը, որոշակի շեշտադրումներ կատարեց հավատարմագրման տարբեր չափանիշներով Կրթահամալիրի ունեցած ձեռքբերումների, հասարակության շրջանում ունեցած բարձր դերի և ճանաչելիության իմաստով:

   Նշենք, որ փորձագիտական խումբն այցի ընթացքում հավաքագրում էր տարբեր փաստեր, որպեսզի,  ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների, դրանք վերլուծվեն, որից հետո կկազմվի նախնական զեկույց և կներկայացվի Կրթահամալիր՝ քննարկելու նպատակով: