Վերադառնալ
28.06.2024

Ուսումնական պրակտիկայի ամփոփում

Ուսումնական պրակտիկայի ամփոփում

   2024թ. հունիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողների ուսումնական պրակտիկայի ամփոփումը:

   Մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը, ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Հովհաննիսյանը, պրակտիկայի ղեկավարները՝ ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Խաչատրյանը, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների կատարող, ոստիկանության մայոր Գ.Մարուքյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Մ.Պողոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսումնական պրակտիկա անցած սովորողները:

   Պրակտիկայի ամփոփման ընթացքում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը նշեց, որ պրակտիկայի անցկացման վայրերից ստացված արձագանքների և պրակտիկայի ղեկավարների ներկայացրած դիտարկումների հիման վրա կարող ենք փաստել, որ ուսումնական պրակտիկայի ծրագրով սահմանված պահանջները պատշաճ պահպանվել են, իսկ նպատակը կարելի է համարել իրագործված:

   Պրակտիկայի անցկացման ընթացքում սովորողները պատշաճորեն ընդգրկված են եղել ծրագրով նախատեսված միջոցառումներին, սահմանված կարգով կատարել են ծրագրով նախատեսված հանձնարարությունները:

  Այնուհետև ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Հովհաննիսյանն անդրադարձավ քրեաիրավական խմբին տրված հանձնարարության կատարմանը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռի դեմ վերաքննության կարգով բերվող բողոքի պատրաստմանը:

  Ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Մ.Պողոսյանն անդրադարձավ վարչաիրավական խմբին տրված հանձնարարության կատարմանը՝ վերադասության կարգով և դատական կարգով վարչական ակտերի բողոքարկման հայցադիմումների պատրաստմանը:

   Իրենց խոսքում բանախոսները նշեցին, որ ընդհանուր առմամբ սովորողները մեծ պատասխանատվությամբ են կատարել հանձնարարությունները, իսկ  կատարման արդյունքում պատրաստված վարութային փաստաթղթերը բավարարում են օրենքով դրանց ներկայացվող պահանջներին:

  Պրակտիկայի ամփոփման վերջին միջոցառումը քաղաքացիաիրավական խմբում ընդգրկված սովորողների մասնակցությամբ բեմականացված դատախաղն էր, որի ընթացքում սովորողները ցուցադրեցին քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ոլորտներում իրենց գիտելիքների կիրառման հմտությունները:

  Պրակտիկայի ամփոփմանը նվիրված միջոցառման վերջում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի պատասխանատուներին պրակտիկայի պատշաճ կազմակերպման համար, նաև պրակտիկայի ղեկավարներին և սովորողներին՝ պրակտիկայի պատշաճ անցկացման և մասնակցության համար: