Նորություններ

Վերադառնալ
09.05.2018

Կրթահամալիրը մասնակցեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Կրթահամալիրը մասնակցեց «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ու ազգային զարթոնքի ամիս է. սկսած Ավարայրից՝ շարունակվելով Սարդարապատով, գերմանաֆաշիստական զորքերի դեմ 1945 թվականին տարած հաղթանակով և 1992 թվականի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումով:

Հաղթել ենք հայրենիքի հանդեպ անսահման սիրո շնորհիվ, քանզի այն վեհ և հավերժական է:

Մեր ժողովուրդը կոչված է մեծ առաքելության՝ մշտապես լինել արդարության մարտիկ, ապրել՝ ի շահ ազգի ու հայրենիքի:

Մենք ապրում ենք անկախ Հայաստանի սրտի ամեն մի զարկով, որը շունչ ու հոգու ճախրանք է պարգևում հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայերին, քանզի հայրենիքը մեր սրտի մեջ է՝ իր սեփական դրոշով, զինանշանով, իր հաղթական փառապանծ բանակով և կուռ կառույց ոստիկանությունով:

Ս/թ մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը և սովորողները կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի գլխավորությամբ մասնակցեցին մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին: Առավոտյան Հաղթանակի այգում ծաղիկներ խոնարեցին Անհայտ զինվորի հուշահամալիրում` հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի դաժան մարտերում, ֆաշիզմի դեմ պայքարում գործած սխրանքով բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը։ Մասնակցեցին  նաև  Երևանում անցկացվող  «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որի նպատակն է սերունդներին փոխանցել եւ վառ պահել Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում եւ Ապրիլյան քառօրյայում զոհված քաջ հայորդիների հիշատակը: Քայլերթը սկսվեց Երեւանի Ազատության հրապարակից եւ ավարտվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Հայաստան աշխարհի վրա բացվող բոլոր գարունները թող պայծառ մայիսներ բերեն և հայոց հոգիներին՝ մայիսյան ցնծություններ: