ՀՀ ՆԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋԻ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
1. ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջը /այսուհետ՝ Քոլեջ/ իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման ձևով ուսուցում: Ուսման տևողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:
2. Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
3. Ուսման համար կարող են դիմել`
1) առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.
2) արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
4. Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.
2) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.
3) զինգրքույկ /արական սեռի դիմորդների համար/.
4) դիմում.
5) մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական, ամուսնու, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.
6) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/` համաձայն սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերի.
7) 5 լուսանկար /4-ը` 4 x 6 չափսի, 1-ը՝ 9 x 12 չափսի/.
8) սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.
9) տեղեկանք բնակության վայրից․
10) տեղեկանք հաշվառման վայրից /անձնագրային բաժանմունքից/:
5. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ՆԳ նախարարի հրամանով ստեղծված ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
6. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր ստուգման ձևի համար դիմորդը ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 դրամ՝ նպատակը դաշտում նշելով քննության վճար: Վճարման անդորագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սույն հայտարարության 13-րդ կետով և 14-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության համար նախատեսված վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վճարից:
7. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար դիմորդները ս/թ օգոստոսի 16-ին պետք է ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/.
Նշված օրը տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումն ընդունող հանձնաժողովի անդամների հետ:
8. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի հետևյալ երեք ստուգումների հիման վրա.
1) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.
2) հայոց լեզվի իմացության ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.
3) ֆիզիկական պատրաստականության ստուգում:
9. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային և այլ ոլորտներ/:
10. Դիմորդն իր ցանկությամբ կրթահամալիրում կարող է անցնել միայն մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության ստուգումները` 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը /բնօրինակը/:
11. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է.
1) արական սեռի դիմորդների համար՝
ա. վազք` 100 մ.
բ. վազք` 1000 մ.
գ. ձգում պտտաձողի վրա:
2) իգական սեռի դիմորդների համար՝
ա. վազք` 100 մ.
բ. վազք` 1000 մ.
գ. ուժային համալիր վարժություններ:
Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 23 միավորը:
12. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:
13. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝
1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.
2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/ ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:
14. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/ պարգևատրվածները.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:
15. Քոլեջի ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ՆԳ նախարարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
16. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ ՆԳ նախարարի 05.01.2024թ. 3-Լ հրամանով հաստատված կարգին համապատասխան:
17. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:
18. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել:
19. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին զրկելու տվյալ և հետագա ստուգումներին մասնակցելու իրավունքից:
20. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:
21. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
22. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի.
2) ազատվել է ոստիկանությունում ծառայությունից`
ա. հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման և համապատասխան պաշտոնում նշանակվելու հնարավորության բացակայության պատճառով.
բ. հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
23. Դիմորդների փաստաթղթերը ընդունվում են՝ հունիսի 03-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
24. Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում՝ օգոստոսի 19-ից մինչև 27-ը:
Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ