Սուրբ Աբգար թագավորի հիշատակության օրվա առթիվ մրցախաղ
Դեկտեմբերի 21-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Աբգար թագավորի հիշատակության օրը: Արդեն յոթերորդ տարին է՝ Արարատյան Հայրապետական թեմում արքայի տոնը նշում են արքայական խաղի՝ շախմատի մրցաշարի անցկացմամբ:
Մրցաշարին մասնակցում էին ՀՀ ոստիկանական կրթահամալիրից ներկայացուցիչներ, քահանաներ, զինվորներ, Արարատյան Հայրապետական և հայաստանյան այլ թեմերի երիտասարդներ, Երևանի շախմատի դպրոցների սաներ, Ազգային առաջնորդության ինստիտուտից և այլ ուսումնական հաստատություններից:
Կրթահամալիրի թիմը ներկայացավ հետևյալ կազմով՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա․ Գասումյանը, ակադեմիայի 2-րդ կուրսի սովորողներ, ոստիկանության սերժանտներ` Արտավազդ Գևորգյանը, Սերոբ Ազատյանը, Արմեն Նիկոյանը և Տիգրան Գրիգորյանը։
Այս տարի ևս խաղն անցկացվում էր երկու փուլով: Առաջին փուլում խաղի 42 մասնակիցները խաղացին միմյանց հետ, ապա անցկացված բոլոր 21 խաղերում հաղթածները միաժամանակյա խաղ անցկացրին միջազգային գրոսմայստերներ, Եվրոպայի և աշխարհի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Սամվել Տեր-Սահակյանի և Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Ռոբերտ Հովհաննիսյանի հետ:
Առաջին փուլում Կրթահամալիրի մասնակիցները խաղն ավարտեցին հաղթանակով, իսկ երկրորդ փուլում բարցարձակ առավելությամբ հաղթանակը գրոսմայստերներինն էր։
Խաղը վարում էր Երևանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորիկ Քալանթարյանը։
Միջոցառման ավարտին Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալագրեր, խրախուսական նվերներ հանձնեց մասնակիցներին և մրցավար՝ Նորայր Քալանթարյանին։