Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության գիտական խմբակի 2021-2022 ուստարվա առաջին նիստը
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության գիտական խմբակի 2021-2022 ուստարվա առաջին նիստը։ Նիստին ներկա էին Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանը, նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Ա․ Տոնոյանը, դասախոսներ Լ․ Թասալյանը, Գ․ Վարդանյանը և ասիստենտ Գ․ Խաչատրյանը։
Գիտական խմբակին մասնակցում էին նաև կրթահամալիրի ակադեմիայի անվճար և վճարովի բաժնի սովորողներ։
Գիտական խմբակի թեման էր «Պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավական պաշտպանության մեխանիզմները ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում»։ Որպես բանախոս՝ հրավիրված էր armdaily.am էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ինգա Մարտինյանը։
Բանախոսը հանդես եկավ զեկույցով՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների արդի ժամանակաշրջանում պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավական պաշտպանության մեխանիզմներին, այդ գործընթացում զանգվածային լրատվամիջոցների տեղին, դերին և նշանակությանը։ Ծավալվեց ակտիվ քննարկում, բանախոսին հղվեցին բազմաթիվ հարցեր։