Կրթահամալիրի սաները կրկին լավագույնների շարքերում էին
Համաձայն ոստիկանության մարզական միջոցառումների 2020 թվականի օրացուցային պլանի` փետրվարի 19-ից 21-ը «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց ոստիկանության արագ շախմատի առաջնություն:
Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության, Երևանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը:
Եզրափակիչ մրցաշարին հաղթողի կոչումը նվաճելու համար անզիջում պայքար էր տիրում, որի արդյունքում թիմային 1-ին տեղը գրավեց Երևան քաղաքի վարչության թիմը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը 18 թիմերի մեջ գրավեց 2-րդ մրցանակային տեղը, իսկ 3-րդ տեղը՝ ոստիկանության զորքերի հավաքականը:
Առաջնության ավարտից հետո, մինչ արդյունքները հայտարարելը, հաղթողներին շնորհավորանքի խոսք հղեցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան դիպլոմների, ստացան ժամացույցներ ու դրամական պարգևներ:
Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության պետի տեղակալը մասնակիցներին մաղթեց բարի և անփորձանք ծառայություն: