Վերադառնալ
27.03.2025

Նորաստեղծ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը

Նորաստեղծ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը

   Սույն թվականի մարտի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ուսանողական խորհրդի 2025 թվականի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեց օրակարգային մեկ հարց՝ ՈւԽ կանոնադրության պահանջների հիման վրա ուսանողական խորհրդի նախագահի ընտրության կազմակերպումը:

   Հարկ է նշել, որ ՆԳՆ կրթահամալիրի կազմհաստիքային փոփոխություններով պայմանավորված՝ ուսանողական խորհրդի կազմը ևս վերափոխվել է: Ուսանողական խորհրդի կազմում այսուհետ ընդգրկվելու են ոստիկանական և փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների համապատասխան կուրսերի սովորողները:

   Ուսանողական խորհրդի անդամները երախտիքի խոսքեր հղեցին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի գործող նախագահ, ոստիկանական ուսումնական ստորաբաժանման բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Հարություն Հարությունյանին՝ ուսանողական խորհուրդը 4 տարի ղեկավարելու և մի շարք արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:

   Երախտագիտության խոսքեր հղվեցին նաև փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման «Փրկարար գործ» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող Սեդա Այվազյանին, որը ՃԿՊ ակադեմիայի ուսանողական խորհուրդը ղեկավարել էր մինչև երկու ուսումնական հաստատությունների միաձուլումը:

   Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությանը մասնակցում էին ուսումնական ստորաբաժանումներից ներկայացված 31 ուսանողական խորհրդի անդամ սովորողներ: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց ոստիկանական ուսումնական ստորաբաժանման բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի սովորող Գայանե Բաբաջանյանը:

   Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորում ենք Գայանե Բաբաջանյանին և մաղթում հետագա հաջողություններ: