Վերադառնալ
02.02.2023

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սովորողները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սովորողները ՀՀ ոստիկանության  կրթահամալիրում

     Հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սովորողները:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի՝ Ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ Դ․ Հովսեփյանի ուղեկցությամբ սովորողները մի փոքր պատմական էքսկուրս կատարեցին․ ծանոթացան, թե երբ և ինչպես է ստեղծվել թանգարանը, ինչ բաժիններից է բաղկացած, ապա հանգամանորեն լուսաբանվեցին ցուցասրահում տեղ գտած նյութերը։ Ցուցասրահի նմուշներից կարելի էր պատկերացում կազմել, թե ոստիկանի համազգեստը ժամանակի ընթացքում ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել: Զենքեր, լուսանկարներ, շքանշաններ, զանազան փաստաթղթեր, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Ծանոթացան նաև ՀՀ ոստիկանության անցած ճանապարհին՝ Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի սխրանքներից մինչև Միլիցիոներ Անդրեյի ազնիվ և օրինակելի կերպարը։ Առանձնակի հետաքրքրությամբ լսեցին գեներալ-մայոր, ԽՍՀՄ կոմպոզիտոր Ա․ Հեքիմյանի անցած օպերատիվ հետախուզական ուղու և երգարվեստում ունեցած նվաճումների մասին։ Սովորողներին հետաքրքրեցին ոստիկանությունում կիրառվող տեխնիկական միջոցները, ծանոթացան հանցագործությունների դեմ պայքարում տեխնիկայի օգտագործման և դրանց միջոցով ապացույցներ ձեռք բերելու հնարավորություններին։

         Վերջում իրենց  տպավորությունները գրանցեցին «Պատվավոր հյուրերի գրքում» և  հրաժեշտ տվեցին Կրթահամալիրին: