Վերադառնալ
11.11.2021

Նոյեմբերի 10-ը խորհրդային միլիցիայի օրն է․ միջոցառումներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Նոյեմբերի 10-ը խորհրդային միլիցիայի օրն է․ միջոցառումներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

      Նոյեմբերի 10-ը խորհրդային միլիցիայի օրն է: Ոստիկանության կրթահամալիրի նախաձեռնությամբ՝ Երևանի և Գյումրիի ոստիկանության մի խումբ վետերաններ գործընկերոջ՝ Շիրակի շրջանի ՆԳԲ պետ, հանցագործին վնասազերծելիս զոհված Համլետ Սահակյանի ընտանիքի հետ կրթհամալիր էին եկել։
Հանցագործի նետած նռնակի պայթույնից էր զոհվել միլիցիայի փոխգնդապետ Համլետ Սահակյանը, որի այրին՝ Թամարա Հարությունյանը, հիշարժան օրով եկել էր թանգարանին նվիրաբերելու ամուսնու արխիվը։
Ներկաները զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհեցին։
Հյուրերը շրջեցին կթահամալիրի տարածքում։ Եղան մշակույթի ակումբում, որտեղ ներքին գործերի նախարարների ու ոստիկանապետերի նկարներն էին փակցված։ Դիտարժան էին Սովետական Միության հերոս ՆԳ աշխատակիցներին նվիրված հուշապատը, Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրին, Սուրբ Վարդանի մատուռն ու կրթհամալիրի ամենահուզիչ անկյունը, որտեղ փակցված են կրթահամալիրի՝ 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների լուսանկարները։
Օրը խորհրդանշական էր նաև այլ առումով. ոստիկանության պատմության թանգարանը նշում էր հիմնադրման 44-ամյակը։ Առաջատար մասնագետ, պաշտոնաթող գնդապետ Դավիթ Հովսեփյանը մի փոքր պատմական էքսկուրս կատարեց՝ պատմելով, թե թանգարանը երբ և ինչպես է ստեղծվել, ինչ բաժիններից է բաղկացած, ապա ներկայացրեց ցուցասրահում տեղ գտած նյութերը։ Ցուցասրահի նմուշներից կարելի էր պատկերացում կազմել, թե ոստիկանի համազգեստը ժամանակի ընթացքում ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել: Զենքեր, լուսանկարներ, շքանշաններ, զանազան փաստաթղթեր, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի։ Ցուցափեղկերից երկուսում ներկայացված է միլիցիայի փոխգնդապետ Համլետ Սահակյանի արխիվը։ Նա 1991 թ. սեպտեմբերի 24-ին Լենինականի կայարանամերձ հրապարակում հետախուզվողին վնասազերծելիս հանցագործի նետած նռնակի պայթյունից է զոհվել։
Միջոցառման ավարտին ոստիկանության կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մալխասյանը շնորհակալագիր հանձնեց Համլետ Սահակյանի տիկնոջը՝ ի նշան երախտագիտության: