Վերադառնալ
21.10.2019

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը» թեմայով դասընթաց

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը» թեմայով դասընթաց

Հայ-ֆրանսիական ոստիկանության տարեկան համագործակցության շրջանակներում ս․թ․ հոկտեմբերի 14-ից 18-ը Հայաստանում էին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, կոմիսար Գիյոմ Բարբագլին և Երևանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության ներքին անվտանգության հարցերով կցորդ Բրունո Բալդուկը (նստավայր ք․Թբիլիսի)։ Այցի նպատակն էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրում  «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը» թեմայով դասընթացի անցկացումն ու փորձի փոխանակումը։ Դասընթացին մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ստորոբաժանումների քրեական հետախուզության ծառայողներ։

Միջոցառման սկզբում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ- մայոր Մուշեղ Բաբայանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց բանախոսների անցած աշխատանքային ճանապարհը, զբաղեցրած պաշտոններն ու մասնագիտական որակները, ինչպես նաև կարևորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական փոխհամագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն արդյունավետ ու կիրառելի կլինեն հետագա աշխատանքներում։

Դասախոսությունների ընթացքում ֆրանսիացի փորձագետները ներկայացրին  Ֆրանսիայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող աշխատանքները, գրանցված արդյունքները, իրականացված օպերատիվ միջոցառումները, ինչպես նաև ծանոթացրին Ֆրանիսիայում իրագործվող  հարցաքննության հատուկ մեթոդներին։ Հայ գործընկերները ևս ներկայացան  իրենց փորձով և գրանցված արդյունքներով։

Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի փորձագետներին արդյունավետ համագործակցության համար, որից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայականներ, իսկ կոմիսար Գիյոմ Բարբագլին հավելեց, որ դասընթացը մասնագիտական գործունեության մեջ կիրառելու համար ոստիկաններին անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: